Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է. Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև, լինելու է պատկերացումների և ճանապարհի ընտրություն։ Այս մասին իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանությունը գնալու է ընտրության իր «Մեծարգոների ենթամշակույթով» , որը քաղաքական միավոր չէ, և «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով։ Նրանց խնդիրը լինելու է՝ ընտրության շեմին ստանալ կենցաղային, առանց որևէ հույսի ու նպատակի հասարակություն։ Նա հայ ժողովրդին առաջարկելու որևէ բան չունի։ Նա պետությունը տանելու է լիկվիդացիայի։ ՄԵԿ հոգու քարոզարշավային գերխնդիրը լինելու է՝ մոռացության տալ իր կառավարման տարիները, ստիպել հասարակությանը՝ մոռանալ նախորդ 4-5 տարին։
Ինչպես է հնարավոր կանգնեցնել այս մեքենան
«Մեծարգոների ենթամշակույթի» դեմ պետք է կանգնեն նոր խոշոր հանրային միավորներ, որոնք կունենան և´ ժողովրդին ասելու-առաջարկելու բան, և´ ռեսուրսային հնարավորություն։Եվ որոնք ԱԺ-ում կարող են իրար հետ աշխատել՝ ձևավորել նոր կառավարություն։ Միայն այդպես է հնարավոր առաջիկա քվեարկությունը վերածել ընտրության, և դա կլինի գործող իշխանության ավարտը։
Չլինի ընտրություն՝ «Մեծարգոների ենթամշակույթը» մեխանիկական քվեարկությամբ կմնա իշխանության։
2021-ի քաղաքական պատկերն այլևս չկա, չարժի խաբել իրար և այլոց։ Հիմա մեծ հնարավորություն կունենան նոր միավորները՝ նոր բովանդակությամբ, նոր դաշինքներով՝ առաջին հայացքից անհավանական թվացող, նոր խաղի կանոններով։ Ճիշտը աշխատանքը սա է։
Իսկ ինչո՞ւ է պետք հաղթել ընտրություններում
2021-ի ժողովրդի սխալ ընտրությունը բերեց Արցախի կորստին։ 2026-ի (կամ գուցե 2025-ի) սխալ ընտրությունը բերելու է Հայաստանի կորստին։ Սա Հայաստանում ապրել-չապրելու ընտրությունն է։ Պետք է լրջանալ, կոնկրետանալ ու զբաղվել գործով. «մեծարգոներով» ապագա հաստատ չկա, նոր ասելիքով՝ կա շանս։
Եվ վերջապես ժամկետների մասին
Տրամաբանորեն՝ ընտրությունները պետք է լինեն հերթական։ Մյուս կողմից, ինչ-որ կարևոր գործոն (կամ գործոններ) ՄԵԿ հոգուն շտապեցնում են։ Թե ո´ր գործոններն են՝ դժվար է հստակ ասել, կարելի է ենթադրել (ես ունեմ իմ մասնավոր կարծիքը), բայց որ դա այդպես է՝ ակնհայտ է։ Շատ կարևոր է՝ չթողնել որոշումը այդ մեկ հոգուն։ Նոր միավորների ստեղծումը պետք է ինտենսիվացնել նաև այդ նպատակով, որպեսզի ընտրություններին չգնանք նրա օրակարգով, այլ՝ թելադրենք սեփական օրակարգ ու ազդենք պետության ընդհանուր օրակարգի վրա։