Աննա Վարդապետյանը ներկայացրեց վերջին ամիսների...

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ կառավարության հունիսի 5-ի նիստում ներկայացրեց վերջին ամիսների ընթացքում դատախազության կողմից պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակում վերադարձված գույքերի ցանկն ու դրանց հետագա տնօրինման ուղղությունները։

«Մեկ շաբաթ առաջ մեկ այլ գերատեսչության՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն է ամրացվել երկու հողատարածք, որոնք գտնվում են մայրաքաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում։ Ընդհանուր արժեքը երկու հողատարածքների 1,5 միլիոն դոլար է»,-ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ հողերը անտառային նշանակության են և պետք է ծառայեն բացառապես որպես ռեկրեացիոն գոտի։

«Նախարարության հետ քննարկումների արդյունքում այս փուլում հանգել ենք եզրահանգման, որ որևէ շինարարություն տարածքում չի իրականացվելու և տարածքն օգտագործվելու է անտառային նշանակության համար»,-ասաց Վարդապետյանը։

Վերոհիշյալ հողատարածքներն, ըստ Վարդապետյանի, վերադարձվել են պետության սեփականությանը 2005 թ. մայիսի 2-ին և հունիսի 30-ին կնքված առուվաճառքի պայմանագրերը հակակոռուպցիոն դատարանի կողմից անվավեր ճանաչելու արդյունքում։

Գլխավոր դատախազը հայտնեց նաև, որ առաջիկայում կառավարության նիստին կներկայացվի և համապատասխան գերատեսչության կհանձնվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող մոտ 1 մլն դոլար արժեքով 2.3 հեկտար մակերեսով հողամասը։

Նրա խոսքով՝ այն վերադարձվել է պետությանը հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հունվարի 12-ի վճռով՝ բավարարվելով գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Սամվել Մայրապետյանի։

Անդրադառնալով համայնքային շահերին՝ Վարդապետյանը նշեց, որ Տավուշի մարզի Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրում 198.45 քմ մակերեսով մանկապարտեզի մասնաշենքը ևս վերադարձվել է համայնքին։

«2017 թվականի փետրվարի 27-ին Խաշթառակ գյուղական համայնքը, ի դեմս համայնքի ղեկավարի, կնքել էր անշարժ գույքի վարձակալության պայմանագիր։ Մեզ շատ հետաքրքրել էր պայմանագրի արժեքը՝ տարեկան 165 հազար դրամ վարձավճար։ Երբ մենք բաժանեցինք ամիսների, դա մոտավորապես 13.750 դրամ էր կազմում ամսական և 25 տարի ժամկետով վարձակալության էր հանձնվել մանկապարտեզի մասնաշենքը»,-նշեց Վարդապետյանը։

Պայմանագրի պատճառով մասնաշենքը դուրս էր մնացել 2023-ին մեկնարկած հիմնանորոգման ծրագրից։ Այժմ պայմանագիրը լուծվել է և համայնքը տեղեկացվել է, որ տարածքն ընդգրկվելու է հիմնանորոգման գործընթացում։ Շուկայականին մոտակա կադաստրային արժեքը՝ 44 մլն 121 հազար դրամ։

Նա հիշեցրեց նաև Դիլիջանի Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող 891.1 քմ մակերեսով մանկապարտեզի մասին՝ նշելով, որ դրա կադաստրային արժեքը մոտ 85.935.000 դրամ է։

Վարդապետյանն ընդգծեց՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին վերադարձվել է 6.5 հեկտար մակերեսով մարզադաշտ, որը տեղակայված է Գետափնյա երկրորդ փողոց 22 հասցեում։

«Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 321 հազար դոլար է։ Իրավական բոլոր նրբությունները լուծված են, և մայիսի 12-ից մարզադաշտը գտնվում է համայնքի սեփականության ներքո»,-հավելեց Վարդապետյանը։

Գլխավոր դատախազաը նշեց, որ հանրությանը և կառավարության գործընկերներին պարբերաբար տեղեկացնում են վերադարձված գույքերի մասին՝ հստակեցնելով նաև դրանց օգտագործման նպատակային ուղղությունները։