Անկեղծ եմ ասում հենց նոր լսեցի. Ավինյանը՝ Ալե...

Անկեղծ եմ ասում, հենց նոր առաջին անգամ ձեզանից լսեցի որևէ միջադեպի մասին։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, ՔՊ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում երեկ ԱԺ մուտքի մոտ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղ ունեցած միջադեպը և արդյոք դատապարտում եք պաշտոնյայի կողմից հայհոյանք հնչեցնելը։

«Անկեղծ եմ ասում, կատակ չեմ անում, այո ես այդքան շատ ֆեյսբուքում չեմ լինում, այսօր անպայմանորեն կծանոթանամ»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է մետրոյում տեղի ունեցած միջադեպին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արցախցի կնոջը դիմելով անվանում է «փախածներ», Երևանի քաղաքապետն ասաց. «Ես մի բան կարող եմ ասել, ինձ համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կամ որևէ նույնիսկ օտարերկրացու, ով բնակվում է Հայաստանում, քամարական վերաբերմունքը մեր պետական խորհրդանիշներին, մեր քարտեզին,  նույնիսկ Հայաստանի Հանրապետություն բառակապակցությանը։  Դա դատապարտելի է։ Այո, ճիշտ է դրանք դարձնել նախընտրական ատրիբուտ, որովհետև դրանք մեր հպարտության հիմքն են։ Հայաստանի Հանրապետությունը իր բոլոր ատրիբուտներով՝ հիմնով, դրոշով և մնացյալ իր ատրիբուտներով մեր հպարտության հիմքն է, և մեր պետականության սիմվոլներին քամարական վերաբերմունքը անընդունել է»,–ասաց նա։

Դիտարկմանը՝ որքանո՞վ է ընդունելի երեխայի ներկայությամբ կնոջը «փախածներ» ասելը, Ավինյանն ասաց. «Վարչապետն անդրադարձել է կոնկրետ միջադեպին, ես իմ վերաբերմունքը ասեցի բոլորի պոտենցիալ վերաբերմունքի վերաբերյալ մեր պետական ատրիբուտների մասով։ Որևէ մեկը, եթե քամարական վերաբերմունք ունի մեր պետական ատրիբուտների նկատմամբ, ինքը արժանի է ամենամեծ քննադատության։ Երբ մարդը խոսում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, պետք է խոսի հարգանքով, երբ խոսում է մեր քարտեզի մասին, մեր հիմնի մասին, մեր դրոշի մասին, ինքը պետք է խոսի հարգանքով, և դա պարտադիր է բոլորի համար՝ անկախ ամեն ինչից, վերջ»։

Նշենք, որ երեկ՝ մարտի 26–ին, ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Ալեն Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ Վերջինն էլ ի պատասխան քաղաքացուն է հայհոյել քաղաքացուն։ Միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։

Միջադեպից անմիջապես հետո քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Սիմոնյանն ասել էր. «Իհարկե, ով ինձ հայհոյում ա, պատասխանը տալիս եմ»։

Նա դիմել էր անհետ կորած զինծառայողների հարազատներին. «Շատ անգամ մենք հանդիպել ենք, եթե էս արարքը չդատապարտեք, էս մարդկանց գյամերը չքաշեք, ես երբեք էլ ձեր հետ ոչ խոսելու եմ, ոչ էլ։ Էդ լակոտը, էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել, այլեւս որեւէ շփում ձեզ հետ չեմ ունենալու»։

Ավելի ուշ միջադեպի մասին Ալեն Սիմոնյանը հայտարարել է հետևյալը. «Որեւիցե հայհոյանք չի եղել, «արա» բառից ավել որեւէ բան չի եղել, երբ որ սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին եւ սադրել։ Այնուհետեւ նա սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, ես իրեն պատասխանեցի եւ փորձեցի հեռանալ»։