Անկարան մտադիր է մասնակցել եվրոպական անվտանգո...

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի իր հոլանդացի գործընկեր Կասպար Վելդքամպի հետ հանդիպմանը կբարձրացնի եվրոպական անվտանգության բանակցություններին Անկարայի մասնակցության անհրաժեշտության հարցը։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով գերատեսչության աղբյուրին։ Ինչպես նշել է գործակալությունը, Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավարը Թուրքիայի մայրաքաղաք կժամանի մարտի 11-ին։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը նաեւ կհայտարարի, որ Թուրքիան պետք է մասնակցի եվրոպական անվտանգության բանակցություններին»,- լրագրողներին ասել է աղբյուրը։ Մարտի 6-ին Եվրամիության երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած արտակարգ գագաթաժողովում վերջնական հայտարարություն են ընդունել։ Փաստաթղթի համաձայն՝ Եվրոպան պետք է ինքնուրույն դիմակայի անվտանգության սպառնալիքներին։ Գագաթաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին խնդրել են պաշտպանական ֆինանսավորման նոր աղբյուրներ մշակել ամբողջ միության մակարդակով։ Ինչպես նշվել է հայտարարության մեջ, այդ աղբյուրները կարող են ներառել ԵՄ անդամ երկրների համար լրացուցիչ հնարավորությունների եւ խթանների տրամադրում։