Կառավարությունը հաստատեց անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառման ժամկետների երկարացման որոշումը: Այն Կառավարության՝ հունվարի 9-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նախարարը հիշեցրեց՝ ծրագիրը մեկնարկել է 2022-ի հուլիսից: 2,5 տարիների ընթացքում թե՛ գործարքների ծավալները, թե՛ շահառուների թիվը յուրաքանչյուր ամիս արձանագրել են նոր, ավելի բարձր ցուցանիշներ:
«Եթե ներկայացնենք մեկնարկի պահից թվային ցուցանիշները, ապա կարող եմ ասել, որ զրոյական մակարդակից անկախիկի ընդհանուր ծավալը հասել է 171,7 մլրդ դրամի, իսկ այս ընթացքում մեր հայրենակիցներին վերադարձրել ենք 15,2 մլրդ դրամ: Շահառուների թիվը մեկնարկի պահին 16 հազար էր առաջին ամիսը, 2024 թվականի նոյեմբերի դրությամբ ունենք շուրջ 278 հազար շահառու: Ակնկալում ենք, որ դեկտեմբեր և հունվար ամիսներին մենք կհատենք 300 հազարի շեմը:
Մեկ շահառուի գծով հաշվարկված ամսական գումարը 2022-ի դեկտեմբերին կազմել էր 3079 դրամ, 2023 թվականին այդ արժեքը 3400 էր, իսկ 2024-ի նոյեմբերին՝ արդեն 4190 դրամ: Նոյեմբերի տվյալներով շահառուների ավելի քան 48 տոկոսն իր կենսաթոշակը կամ նպաստը հիմնականում ծախսել է անկանխիկ եղանակով:
Այս նախագծով մենք առաջարկում ենք երկարաձգել ժամկետը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Ակնկալում ենք, որ ընթացիկ տարվա ընթացքում մենք հնարավոր մաքսիմումին կհասնենք, որ մեր հայրենակիցներն իրենց վճարները, անկանխիկ կենսաթոշակները, նպաստները կծախսեն անկանխիկ եղանակով»,- ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ սա Կառավարության հաջողված որոշումներից մեկն է, թվերն են այդ մասին փաստում:
«Մենք 4000 դրամով մարդկանց թոշակը ավելացրել ենք: Բայց երբ գնում ենք ԱԺ, հարցազրույց ենք տալիս, ասում են՝ այդպես էլ այս տարի թոշակը չավելացավ: Ո՛չ, այս որոշումից հետո ամեն ամիս թոշակն ավելանում է, ժողովո՛ւրդ ջան: Եվ կարող է հետագայում՝ թոշակների հետ կապված որոշումներ կայացնելիս, պետք է ասենք, որ մենք բազային թոշակը բարձրացնում ենք [ոչ թե] 5000 դրամով, այլ ասում ենք՝ անկանխիկ առևտրից հետվճարը բարձրացնում ենք, 12-ից դարձնում ենք 15, 15-ից դարձնում ենք 17, 17-ից դարձնում ենք 20: Կարծում եմ՝ ոչ մի անազնիվ բան չկա սրա մեջ»,- ասաց նա և հիշեցրեց՝ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ 2022-ի դրությամբ նվազագույն թոշակն ավելի բարձր է, քան պարենային զամբյուղը: