Հայաստանի Անկախության հռչակագրի խնդիրը և Սահմանադրության խնդիրը Հայաստանի ներքին խնդիրն է, Հայաստանը դա որևէ արտաքին ուժի հետ չի քննարկել և չի քննարկելու:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու, Սահմանադրության ներածությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ հարցին:
«Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար: Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է, արդյունքում կախվածության հռչակագիր է»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ այդ միջավայրում հնարավոր է ապրել միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով: Իսկ արտաքին օգնություն ակնկալելը դնելու է շարունակաբար ահագնացող կախվածության մեջ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալվում է:
«Եվ, հետևաբար, Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի և կախվածության հռչակագիր է: Սահմանադրությունն ու այս խոսակցությունը մեզ է պետք, դա մեր ներքին օրակարգի հարց է: Մենք դա արտաքին որևէ ուժի հետ չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Մենք դա քննարկում ենք մեր ժողովրդի հետ»,-ընդգծեց վարչապետը:
ՀՀ արդարադատության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ Սահմանադրության նոր տեքստի նախագիծն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Հայաստանի անկախության հռչակագրին։



