Անկախ Հայաստանի Պավլիկ Մառոզովը

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ իր ցուցումով քրեական գործ է հարուցվել․«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»:

Վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը հիշեցրեց սովետական միության առաջին տարիները։ Այդ տարիներին սովետական իշխանությունները «գործ տալը» հարգանքի արժանի քայլ դարձնելու համար քարոզչական մեծ ալիք էին բարձրարցրել։ Սովետական լրատվամիջոցները խոսում էին ռուս պիոներ Պավլիկ Մառոզովի մասին, ով օգնել է իրավապահներին սեփական հոր հանցագործությունը բացահայտելու գործում։ Կոմոնիստական կուսակցության հավաքներից մեկի ժամանակ  Անաստաս Միկոյանը հպարտորեն պատմում է պիոներ Օլյա Սիգլովի մասին, ով իրավապահներին խնդրել է մահապատժի ենթարկել իր հարազատ հորը, որը սովետական պետության միջոցներն էր գողացել։ Այս քարոզչության արդյունքում սովետական իշխանությունները հասան մի կետի, երբ ընտանիքի անդամները իրար դեմ սուտ մատնություններ էին ներկայացնում, և միլիոնավոր մարդիկ աքսորվեցին ու սպանվեցին իրենց չարած հանցագործությունների համար։

Փաշինյանը, ըստ ամենայնի, ցանկանում է նման մի էֆեկտ ստանալ։ Իհարկե, հիմա որևէ մեկին չեն աքսորի կամ գնդակահարի, բայց մատնագրեր գրելը նորից արդիական կդառնա։ 

Որևէ մեկի կողմից գործած հանցագործությունը չպետք է անպատիժ մնա, և դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է բացահայտեն հանցագործություններ ու պատժեն մեղավորներին։ Բայց Փաշինյանի արածը այլ բան է. նա պրոպագանդում է Պավլիկ Մառոզովի կերպարը, ով սեփական ծնողների դեմ մատնագիր էր գրել։ 

Փաշինյանը ցույց է տալիս, որ ինքը կլինի առաջին Պավլիկ Մառոզովը, ու տաբուն կկոտրվի։ Հայաստանում օրենքը թույլ է տալիս հարազատի դեմ ցուցմունք չտալ։ Այսինքն՝ օրենքի դաշտում անգամ հաշվի է առնված այն, որ բարոյական այս նորմը խախտելը հասարակությանը որևէ լավ տեղ չի տանի, իսկ ահա Փաշինյանն ասում է՝ «ես եմ անկախ Հայաստանի Պավլիկ Մառոզովը, օրինակ վերցրեք»։ Մնում է հուսալ, որ վարչապետ Փաշինյանի այս օրինակը շատերի համար ընդունելի չի լինի։