
Ես ուզում եմ հասկանալ, թե մինչև այսօր, այսքան տարիներ անց ինչու որևէ անձ ԱՆԻՖ-ի գործով ներգրավված չէ որպես մեղադրյալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 12–ին, ԱԺ–ում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա հարցրեց, թե այդ գործի շրջանակներում արդյոք հարցաքննվել է Նիկոլ Փաշինյանը, քանի որ հիմնադրամը գտնվում է կառավարության ներքո, հետևաբար կառավարության ղեկավարն է, որ պետք է պատասխան տա այդ գումարների փոշիացման համար։
Գրիգորյանը նաև հարցրեց, թե ՔԿ-ն ինչու է երկակի ստանդարտ կիրառում և Մարդուն խմբակային ծեծի ենթարկած վարչական շրջանի ղեկավարին չեն ձերբակալում, իսկ վիրավորանքի համար Լիլիթ Աղեկյանին և ակտիվիստ Սամվել Վարդանյանին կալանավորում են։
Արթուր Պողոսյանը հայտարարեց, թե ծեծը ոչ մեծ ծանրության հանցագործություն է, դրա համար էլ չեն կալանավորել Նոր Նորք վարչական շրջանի դեկավարին։
ՔԿ ղեկավարը շրջանցեց և չպատասխանեց ԱՆԻՖ-ի՝ Նիկոլ փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ հարցին։