Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում ավագանու կազմ չի ձևավորվել, ինչը խոչընդոտում է համայնքում ծրագրերի իրականացմանը։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հիշեցնենք, Անի համայնքում ՏԻՄ ընտրություններ կայացել են 2022-ի աշնանը։ Ընտրությունների արդյունքում մասնակից 3 քաղաքական ուժերից ոչ մեկը քվեների 50 և ավելի տոկոսը չէր ստացել։ 3 ուժերը նաև կոալիցիա չեն կազմել։ Ըստ գործող օրենքի , նման դեպքում համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել իշխող կուսակցությունը՝ ՔՊ-ն։
«Եթե ընտրությունների արդյունքում որևէ քաղաքական ուժ 50 % -ից ավելին է ստացել, մենք պարտվել ենք, այլ թեկնածու է դարձել համայնքի ղեկավար։ Իսկ որտեղ որևէ քաղաքական ուժ չի հաղթել, ստեղծվում է այնպիսի իրավիճակ, ինչպիսին Անի համայնքում է․ շատ պարզ, շատ տրամաբանական է։ Ամեն ինչ օրենքի սահմաններում է։ Անի համայնքում ավագանու բացակայությունը խոչընդոտում է ծրագրերի իրականացմանը։ Հուսանք հաջորդ ընտրություններին այլ իրավիճակ կլինի»,- ասել է Գնել Սանոսյանը։
Անի համայնքում նոր ղեկավարի ընտրությունները նշանակված են մարտի 26-ին։



