Անհիմն են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ո...

Ի պատասխան ակտիվիստ Արթուր Չախոյանի անհիմն հայտարարություններին՝ տեղեկացնեմ, որ մտացածին են կուռուպցիայի մեջ ներքաշված լինելու, համայնքային գույք հափշտակելու, քաղաքին 500-ից 700 հազար դոլարի վնաս հասցնելու՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված մեղադրանքները, իրականությանը չի համապատասխանում նաև կառուցապատողի հետ քաղաքապետի մտերիմ լինելու մասին ակտիվիստի հայտարարությունը, ավելին՝ քաղաքապետը կառուցապատողին չի էլ ճանաչում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։

«Այս ֆոնին զավեշտալի է նաև քրեկան գործով անցնող Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ զուգահեռներ անցկացնելը: Ակնհայտ է, որ համեմատության որևէ աղերս չի կարող լինել՝ հաշվի առնելով, որ տևական ժամանակ շրջանառվող այս թեման չունի ապացուցողական հիմք:

Քաղաքապետարանը մինչև այս արդեն պարզաբանել էր, որ Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան 2/5 հասցեում դեռևս 2017թ. տրված շինարարության թույլտվության ժամկետը 2020թ. մարտի 24-ին երկարաձգվել է և շինարարական աշխատանքների ժամկետ էր սահմանվել մինչև 2022 թվականի մայիսի 24-ը, սակայն այդ ընթացքում շինաշխատանքներ չեն սկսվել:

2024թ օգոստոսին կառուցապատողը նախաձեռնել է առանց թույլտվության շինաշխատանքներ, ինչի հիմքով Երևանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցը կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով արձանագրություն և իրավախախտում արած անձին ենթարկել 1.500.000 մլն դրամ վարչական պատասխանատվության:

Նրան ուղարկվել է նաև շինաշխատանքները շարունակելու փաստով հարուցված վարչական վարույթի շրջանակում 6 ծանուցում` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, սակայն պատշաճ չծանուցվելու պատճառով իրավախախտում կատարած անձը կրկին չի ենթարկվել վարչական պատասխանատվության: Բացի այդ, վարչական իրավախախտումների արձանագրություններ են կազմվել նաև 2025թ. նոյեմբերի 24-ին և դեկտեմբերի 25-ին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աթուր Չախոյանը հայտնել է, որ մարդիկ զբաղված են հողազավթմամբ, ու Երևանի քաղաքապետարանը աչք է փակում դրա վրա։