Ֆեյսբուքյան էջում Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է․
ՄԻ ՔԱՆԻ ԿԱՐԵՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Հարգելի հայրենակիցներ՝
Արցախն այսօր ապրում է բավականին ծանր ժամանակներ: ԱՀ կառավարության կողմից անդադար աշխատանք է տարվում բնակչության առաջ ծառացած խնդիրները որոշակիորեն մեղմելու ուղղությամբ: Այդ աշխատանքի զգալի մասը կատարվում է առանց բարձրաձայնելու և լուռ, իսկ կան մի շարք հարցեր, որոնց մասին հասկանալի պատճառներով անհնարին է լինում հրապարակային խոսելը:
Այդ աշխատանքը կատարվում է բազմաթիվ համակարգային, կադրային, մարդկային որակների հետ կապված խնդիրների առկայության պայմաններում, որոնց մասին գրեթե չենք խոսում:
Բայց անգամ այս պայմաններում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր զբաղված են դատարկախոսությամբ, հիմնական զբաղմունքը պետության ու պետական մարմինների հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանելն է, բացարձակ անտեղյակ լինելով պետական կառավարումից և ստեղծված իրավիճակի խորքային պատկերից, խնդիրների բազմազանությունից ու քանակից, կեղծ հեղինակություն ձեռք բերելու համար անընդհատ հնչեցնում են անպատասխանատու ու անհիմն քննադատություններ պետության հասցեին, օգտագործում գերլարված քաղաքացիների զգացմունքայնությունն ու դրանք փորձում ծառայեցնել անձնական կամ խմբային հետաքրքրություններին:
Ցավոք ծանրաբեռնվածության պայմաններում բազմաթիվ նմանօրինակ երևույթներ մնում են աննկատ կամ անարձագանք, ինչը երբեմն լրացուցիչ հարմարավետություն է ձևավորում ոմանց համար՝ հանրությանը մոլորեցնելիս և նրանց հույզերը կառավարելիս:
Այդուհանդերձ ցանկանում ենք մի քանի արձանագրումներ կատարել, որոնք կարևոր նշանակություն ունեն ստեղծված իրավիճակում.
1. Շրջափակման մեջ գտնվելու ընթացքում, Արցախի 120.000 բնակչության կարիքները հոգալուն զուգահեռ, կառավարության կողմից տարբեր ապրանքների պահեստավորման շնորհիվ է, որ կարողացել ենք կազմակերպել ինչպես նախկին տարիները գերազանցող ծավալներով գարնանացան, այնպես էլ որոշակի բերքահավաք.
2. Շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախի Հանրապետության կառավարության և մեր գյուղական համայնքների բնակիչների կողմից կատարված աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մեր քաղաքացիները կարողանում են ստանալ նվազագույն չափով սնունդ, միրգ ու բանջարեղեն.
3. Արցախը միայն Ստեփանակերտը չէ, այն խնդիրները, որոնք կան մայրաքաղաքում, իրենց արտահայտությունն ունեն նաև շրջաններում.
4. Հացի և մնացած ապրանքների համար մեծ հերթերը պայմանավորված են ձեռq բերվող ապրանքի սակավությամբ, որը հիմնականում առաջանում է սուտ տեղեկությունների տարածմամբ բնակչության մեջ խուճապային տրամադրություններ առաջացնելու հետևանքով: Դրանք կարգավորելու միակ եղանակը նվազագույն պահանջարկն ապահովելն է, որի ուղղությամբ կառավարությունը շուրջօրյա աշխատանք է իրականացնում:
5. Կառավարությունը վառելիք տրամադրել և տրամադրում է միայն բերքահավաքի և երկրի ներքին կյանքի կազմակերպման աշխատանքների համար: Այլ նպատակով որևէ մեկին վառելիք չի տրամադրվել և չի տրամադրվելու.
6. Յուրաքանչյուր օր ԱՀ կառավարությունը աջակցություն է ցուցաբերում հարյուրավոր կարիքավոր ընտանիքների և այդ գործընթացը կրում է շարունակական բնույթ: Լինում են օրեր, երբ աջակցության համար ստացված դիմումների քանակը գերազանցում է հազարը և անհատական այցելություն է կազմակերպվում գրեթե բոլորի տները:
7. Բացահայտ սուտ են ժամանակ առ ժամանակ շրջանառվող այն տեղեկությունները, թե իբր շրջափակման ընթացքում հումանիտար բեռնափոխադրումներով Արցախ էին բերվել ոչ անհրաժեշտ ապրանքներ: Ավելին, կոռուպցիոն ուղիներով նման ապրանքներ Արցախ տեղափոխելու դեպքերի դեմ միակ պայքարողը եղել է կառավարությունը և անձամբ ես:
Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին զերծ մնալ ստեղծված իրավիճակում հանրային հուզականությունը սուբյեկտիվորեն օգտագործելու փորձերից, Արցախում պետության և պետականության հիմքերի թուլացումը կամ դրան ուղղված քայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ մեղմ ասած՝ հարված թիկունքից, իսկ նման երևույթներն անթույլատրելի են: Պետական իշխանության էությունը հանրային գոհունակության պայմաններում կառավարում իրականացնելը չէ, պետությունը և պաշտոնատար անձինք պետք է ունակ լինեն պատասխանատու կառավարում իրականացնել նաև հանրային օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դժգոհության պայմաններում, առանց դժվարությունների առաջ ընկրկելու, առանց հուզականությանը տրվելու:
Պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց կոչ եմ անում հետևություններ անել օբյեկտիվ քննադատություններից, բայց երբեք չտրվել բամբասանքներին ու հուզականությանը: Պետք է ամենայն խորությամբ պատկերացնել պատմական այս փուլում մեր ուսերին դրված պատասխանատվության չափը և աշխատել առանց նվնվալու և տրտնջալու: Հուզականությունն ու դժվարությունները պետք է հաշվի առնել, բայց երբեք չդարձնել կառավարման պայման կամ հիմք:
Շնորհակալություն եմ հայտնում մեր այն հայրենակիցներին, ովքեր անմիջականորեն բախվելով ամենօրյա դժվարություններին ու ստիպված լինելով անցնել դրանց միջով, շարունակում են բարձր գիտակցություն ցուցաբերել, չեն տրվում որևէ մեկի սադրանքին և իրենց դեմքով մնացածների համար նույնիսկ օրինակ են ծառայում: