Այն շտապողականությունը, որով Նիկոլ Փաշինյանը ձգտում է ԳՇ պետ դարձնել Արտակ Դավթյանին, չափազանց կասկածելի է թվում, հատկապես, որ Օնիկ Գասպարյանի հեռանալուց հետո, ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար արդեն կա եւ ԳՇ բնականոն գործունեությանը սպառնացող որեւէ վտանգ չկար։
Տպավորություն կա, որ Փաշինյանը Արտակ Դավթյանին ԳՇ պետ դարձնելով, փորձում է ամեն դեպքում իշխանության ներսում ինչ որ բալանսավորում անել։ Սակայն ինչպիսի։ Մենք արդեն գրել էինք, որ հատկապես հետպատերազմական այդ բարդ շրջանում իշխանության ներսում գործող «թայֆաները» սկսում են ամրապնդվել հնարավոր բոլոր ուղղություններով, եւ նույնիսկ ավելի լայն հավակնությունների հայտ ներկայացնել, քան կարելի կլիներ սպասել նրանցից նախապատերազմական շրջանում։
Մենք նաեւ գրել, էին, որ նման ամբիցիաներ ունի նաեւ հայաստանյան քաղաքական դաշտի «հին ինտրիգաններից» մեկը համարվող Անդրանիկ Քոչարյանը, ով ամեն ինչ անում է, որպեսզի իր մարդիկ պաշտոնի անցնեն ուժային համակարգում եւ արդեն բավականին լուրջ հաջողությունների հասել է այդ առումով (օրինակ պատերազմից հետո կարողացել է հասնել նրան, որ Պնախարար նշանակվի իր վաղեմից ընկերը՝ Վաղարշակ Հարությունյանը, մյուս վաղեմի ընկերոջը՝ Գագիկ Ջհանգիրյանին կարողացավ նշանակել տալ ԲԴԽ անդամ, այսպիսով, իր մարդն ունենալով արդարադատության համակարգում, ու ամենայն հավանականությամբ ՆԳ ստեղծվելիք նախարարության ղեկավար էլ էլի իր մարդը կնշանակվի)։
Մենք նաեւ գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ ԱԺ իշխող ֆրակցիայի ներսում էլ իր համակիրների խումբ է ձեւավորել ու հիմա ակտիվորեն աջակցում է Փաշինյանին, սակայն իրականում, ինչը նաեւ իշխանական մեր աղբյուրներն են նշում, ու նաեւ նրան ճանաչողներն են վկայում, Անդրանիկ Քոչարյանն փորձում է իր տեղը ամրացնել եւ հագուրդ տալ իր ամբիցիաներին, որոնք հոկտեմբերի 27-ից ի վեր չեն փոխվել՝ վերցնել իշխանությունը, հասնել իշխանության՝ սեփական խաղը առաջ տանելով (իշխանության հասնելու մարմաջի առաջին պոռթկումը Անդրանիկ Քոչարյանի մոտ եղել է հենց այդ ժամանակ, երբ նա եւ իր ընկերները հենց սպանության օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել էին ցուցակ, որում ընդգրկված մարդկանց նախագահ Քոչարյանը պետք է պաշտոնների նշանակեր այն բանի դիմաց, որ նրանք էլ աջակցեին Ռոբերտ Քոչարյանին)։
Այս ամենը հաշվի առնելով, կարելի է ասել, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է լուրջ անհանգստանալ «ծեր ինտրիգանի» մոտ «երկրորդ երիտասարդության» սկսվելուց եւ փորձում է Արտակ Դավթյանի նշանակումով Անդրանիկ Քոչարյանին հակակշռել, հատկապես, որ գիտենք, Արտակ Դավթյանի՝ բավական կոշտ վերաբերմունքը «ծեր ինտրիգանի» հանդեպ։
Մնում է հասկանալ, իսկ արդյոք միայն անհանգստություն կա Նիկոլ Փաշինյանի մոտ, թե նա ռեալ կերպով վախենում է, որ «քաղաքական դավադրությունների» մեծ փորձ ունեցող Անդրանիկ Քոչարյանը կկարողանա հարմար պահ գտնել ու ասենք «պալատական հեղաշրջում» կազմակերպել՝ իրեն հեռացնելով ասպարեզից ու այդ ուղղությամբ ինչ որ քայլեր արվել են, որ հիմա այս արագությամբ փորձում է Քոչարյան Անդրանիկին «զսպաշապիկ հագցնել» Արտակ Դավթյանին նորից խաղի մեջ բերելով։



