Անդրանիկ Քոչարյանի սպառնալից ուղերձը Արմեն Փա...

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կրքերը շարունակում են թեժ լինել։ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Անդրանիկ Քոչարյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը գերլարված իրավիճակ են ստեղծել թիմի ներսում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Քոչարյանի պաշտոնանկության հարցի հետևում կանգնած գործիչներից մեկը Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն է։
Օրերս խորհրդարանում Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքվեցին, թե հնարավո՞ր է՝ որոշ ՔՊ-ականներ դժգոհություններ ունեն իրենից, ինչպես, օրինակ՝ Հրաչ Հակոբյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Փամբուխչյանը, Սիսակ Գաբրիելյանը։
Քոչարյանը պնդեց, որ տեղյակ չէ, բայց կոնկրետ միջադեպ հիշեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ կապված, երբ դիմել էր նրան Արագած ռազմարդյունաբերության գործարանի հոսքագծերին առնչվող խնդրով.

«Զանգել եմ, ասել, որ սենց խնդիր կա, ինչ-որ չինովնիկ չի տալիս թույլտվությունը, որ 300 մետր հեռավորության վրա կարողանան միանալ և հոսքագծերը տեղադրեն։ Ասեցին՝ հիմա այդ հարցը կկարգավորենք... ինձ թվաց՝ հարցը լուծված է»,-պատմեց Քոչարյանը և նշեց, որ  մեկ ամիս հետո իրեն թվացել էր, որ միացված է, բայց պարզել էր, որ ոչ միայն միացված չի, այլև հակառակ որոշում են կայացրել, որ պետք է միանան Զովունի գյուղի ենթակայանին՝ 15 կմ հեռավարության վրա։

«Դա արդեն վերջն էր։ Հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ Արմեն Խաչատրյանն այդ հարցն էր բարձրացրել, ասացի, որ խնդրում եմ անուն- ազգանունով խոսեք։ Երբ քաղաքապետարանի անունը նշեցին, 15 րոպե հետո թույլտվությունը տրվեց... հիմա դա ինձ մտահոգո՞ւմ է, թե ոչ։ Մեկ էլ կարդացել եմ իր մասին «Հետք»-ում գրված հոդվածը՝ կապված «Սպայկայի» 1,5 մլրդ դրամ վարկավորման հետ»,-ասաց նա։
Հարցին՝ այսինքն՝ Արմեն Փամբուխչյանը կոռուպցիոնե՞ր է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ չի կարող ասել։
Փաստորեն մամուլում հայտնված լուրերը ճիշտ են, որ գործընթացի հետևում կանգնածներից մեկը Արմեն Փամբուխչյանն է, և սրանով է պայմանավորված Անդրանիկ Քոչարյանի բացախոսությունը։ Ըստ էության՝ Անդրանիկ Քոչարյանն Արմեն Փամբուխչյանի հետ կապված՝ կոռուպցիոն ընկալում ունեցող պատմությունը պատահական չի հիշեցնում։ Նա ուղերձ է հղում փոխքաղաքապետին և մյուսներին, որ իրեն նետված մարտահրավերն ընդունում է։ Եթե Քոչարյանն իր պաշտոնանկության լուրերի ֆոնին փորձում է թիմակիցների դեմ օգտագործել ոչ իշխանական մամուլում հայտնված փաստերը, միայն պատկերացնել կարելի է, թե ինչեր կհրապարակի, եթե իրականում փորձեն իրեն պաշտոնանկ անել։
Համատեղության կարգով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը Փամբուխչյանի անվան հետ կապվող կոռուպցիոն պատմությունը լրագրողների առաջ հիշատակելով ուղերձ է հղում նաև Նիկոլ Փաշինյանին։ Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հավանություն տա Քոչարյանին պաշտոնանկ անելուն, ապա չի բացառվում, որ պատգամավորը հաստատի ընդդիմադիր մամուլում հրապարակված Փաշինյանի գործունեությանն առնչվող դրվագներ։ Չէ՞ որ նա, որպես պատերազմի հանգամանքները ուսումնասիրող, շատ բան գիտի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մասին։ Ինչ խոսք, իրադարձությունները հետաքրքիր ընթացք են ստանում, և առաջիկա օրերին պարզ կլինի՝ Փաշինյա՞նն է ասողը, թե՞ Քոչարյանը։