2022թ․ օգոստոսի 23-ին Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կայացավ դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը Բելառուսում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Էվելինա Շուլցի հետ։
Ծավալված անկեղծ զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ԵՄ պատվիրակության գործունեությանն առնչվող հարցերին, հայ-բելառուսական հարաբերությունների արդի օրակարգին և երկկողմ փոխգործակցության ընթացիկ դինամիկային, մասնավորապես տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում։
Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (Comprehensive and Enhanced Partnership Agreement/CEPA/) շրջանակներում, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափով ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ կարևորելով դրանց հետագա զարգացումը։
Անդրադարձ կատարվեց նաև արդի փուլում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում ԵՄ դերին։



