Անցկացվել է «Ճգնաժամային հաղորդակցություն և ճ...

Ներքին գործերի նախարարության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի համագործակցությամբ՝ հոկտեմբերի 25-ից 26-ը Ծաղկաձորում անցկացվել է «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով վերապատրաստման հերթական դասընթացը, որին մասնակցել է զանգվածային լրատվամիջոցների 25 ներկայացուցիչ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը բացման խոսքում նշել է, որ վերապատրաստումը կարևոր հարթակ է համախմբելու ջանքերն ու կիսվելու փորձով, ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ հաղորդակցություն ապահովելու ուղղությամբ ձևավորելու համակարգային մոտեցումներ:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի խոսքով՝«Համայնքների բարօրության և դիմակայունության բարձրացման համար հաղորդակցությունը կենսական նշանակություն ունի։ Այդ տեսանկյունից լրագրողների դերն անգնահատելի է բնակչությանը վստահություն ներշնչելու, իրազեկ ու տեղեկացված լինելու, մարդկանց օգնելու գործում: ՀՀ կառավարության և Եվրոպական Միության գործընկերության շրջանակում մենք աշխատում ենք հանրային հաղորդակցության ամրապնդման ուղղությամբ, որպեսզի յուրաքանչյուր ոք ժամանակին, ճշգրիտ և օգտակար տեղեկության հասանելիություն ունենա»։

ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը մասնակիցներին ծանոթացրել է վերապատրաստման ծրագրին և հիմնական ուղղություններին։
Խոսելով հանրության հետ ՆԳ նախարարության հաղորդակցման մոտեցումների և որդեգրած քաղաքականության մասին՝ Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ հանրության շրջանում վստահության ձևավորման ու պահպանման հիմքում պատասխանատու և թափանցիկ հաղորդակցությունն է։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի որդեգրած մոտեցումներով և միջազգային փորձով է կիսվել Արտաքին հարաբերությունների ղեկավար Կիրի Աթրին. «Մենք բարձր ենք գնահատում հաղորդակցության, ճշգրիտ տեղեկատվության և բնակչության իրազեկման ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունները և աջակցում ենք Հայաստանի կառավարությանը՝ լրագրողների հետ համագործակցությունը շարունակական դարձնելու միջոցով ապահովել իրազեկված հանրություն և կայուն համայնքներ»:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթներն ու միգրացիոն գործընթացներում ճգնաժամային հաղորդակցության առանձնահատկություններն է ներկայացրել Ծառայության պետ Նելլի Դավթյանը. «Այս օղակում կանխարգելիչ գործունեություն ծավալելը և կառուցողական հարաբերություններ ունենալը, հարցերից չխուսափելը, նույն երևույթին տարբեր տեսանկյուններից անդրադառնալը կարևոր նշանակություն ունի երկարաժամկետ և որակյալ մեդիաբովանդակություն ձևավորելու հարցում»։

Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրել է ճգնաժամային հաղորդակցության մոդելն ու ընթացակարգերը. «Ներկայացվող օրինակների միջոցով ուսումնասիրել ենք, թե զանգվածային լրատվամիջոցները ինչպես կարող են դառնալ արդյունավետ և պատասխանատու գործընկերներ՝ կիրառելով ամբողջ գործիքակազմը , որոնք ուսուցանել ենք վերապատրաստման դասընթացների ընթացքում»։

Մասնակիցներն ուսումնասիրել են նաև հոգեբանական տոկունության բաղադրիչները․ ներկայացվել են արտակարգ իրավիճակներում հաղորդակցման պատասխանատուների վարքային փոփոխությունները, սթրեսին դիմակայելու մեթոդները։

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը Կիբեռհիգիենա թեմայի շրջանակում ներկայացրել է լրագրության ոլորտում տեղեկատվության անվտանգության կարևորությունը։ Գործնական պարապմունքի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրել են ֆիշինգային նամակների օրինակներ, ծանոթացել դրանք տարբերելու մեթոդներին։ Դասընթացը հնարավորություն էր նաև ճգնաժամային հաղորդակցության շրջանակում արհեստական բանականությունն օգտագործելու հմտությունները զարգացնելու առումով։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի իրավաբան Մարինե Անտոնյանը ներկայացրել է իրավական պաշտպանության և ապաստանի տրամադրման գործընթացների լուսաբանման առանձնահատկությունները, ինչպես նաև անկողմնակալ և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու գործում լրագրողի դերը:

Դասընթացի թեմաների շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր։