Անչափահասների արդարադատության խորհրդի նիստը ք...

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են  արդարադատության նախարարությունից:

Նախարարի տեղակալը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները պարբերաբար ներկայացվում են ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին: Իսկ  վերջերս Հայաստանը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, համալրել է ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպության երեխաների բռնության դեմ պայքարի խմբի առաջամարտիկների շարքը։

Նիստում անդրադարձ է կատարվել Բառնահուս մոդելի վերաբերյալ օրենսդրական փաթեթին, անչափահասների արդարադատությանը հոգեբանների ներգրավման ընթացակարգին, ինչպես նաև իրազեկման բնույթի աշխատանքներին։

Ներկայացվել են անչափահասների կողմից թմրամիջոցների գործածության հիմնախնդիրը և օրենսդրական բացերը՝ շեշտադրելով խնդրի արդիականությունը՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ պայմանավորված: Ներկայացվել են նաև Հայաստանի տարածքում երեխայի բնակության վայրի փոփոխության դեպքում երեխայի հայտնաբերման և երեխայի հետ շփման իրավունքի ապահովման կառուցակարգերի հետ կապված խնդիրները։

Նիստի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Բոգոտայի մեկամյակին ընդառաջ Հայաստանի ներկայացրած հանձնառություններին, և նշվել է, որ Հայատանը ներկայացրել է դրանց կատարման ուղղությամբ իր թարմացումները։

Ելույթով են հանդես եկել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի, ՆԳՆ ոստիկանության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։