
Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Օրվա խորհրդին համահունչ Հայաստանի պետական վերնախավը այցելել էր Եռաբլուր` ծաղիկներ խոնարհելու նրա հուշարձանին։ Բնականաբար տեղում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ու նույնիսկ Անդրանիկ Քոչարյանը, ում համար լրագրող տեսնելն արդեն օրվա հարամում է նշանակում, մինչդեռ ինքը դեռ չգիտի, թե հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիների համար իր դեմքը տեսնելը ինչպիսի «հարամիի» հետ հաղորդակցում է նշանակում։
Մի խոսքով, իշխանությունն առանց փոքր ինչ ամոթի, հերթական «հայրենասիրական» բեմականացումն էր կազմակերպել։ Ասում ենք առանց ամոթի, որովհետեւ, օրինակ Նիկոլ Փաշինյանը պետք է այնտեղ չլիներ ընդհանրապես, քանի որ հենց նա եղավ հայ իրականության մեջ այն պերսոնան, ով ոչնչացրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի հոգեզավակին՝ Հայոց բանակը, իսկ Արցախը դարձրեց խոցված ու վիրավոր։
Հետաքրքիր է, ինչ էր անում այնտեղ Սասուն Միքայելյանը, որն այնքան է ամոթը կորցրել, որ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու տեմպի տակ ընկած հայտարարում է, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել։
Եթե Հայաստանը բանակ չի ունեցել 30 տարի, Վազգեն Սարգսյանի կյանքի գործը որն է եղել․ բա Վազգեն Սարգսյանը բանակ չի ստեղծել՝ ով է բանակ ստեղծել՝ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, թե աներձագ Հրաչը։
Հետաքրքրական է, որ այս ամենը անարձագանք թողեցին նաև ԵԿՄ-ականները։ Ահա այստեղ է Նիկոլ Փաշինյանը հասցրել ԵԿՄ պատիվը, հեղինակությունը, այն դեպքում, երբ Վազգեն Սարգսյանը կանգնած է մեր պետության ու մեր բանակի ակունքներում ու պատահական չէ, որ ասացինք, որ սպարապետի հոգեզավակը Հայոց բանակն է, որը ստեղծեց, կարելի է ասել, զրոյից, կամավորականների բազայի վրա, որոնք հետագայում ձեւավորեցին ԵԿՄ-ն։
Եվ վերջապես, թե Նիկոլ Փաշինյանը, թե Սասուն Միքայելյանը, երբ հարգանքի տուրք էին մատուցում Սպարապետի հիշատակին, նրանց աչքի առաջ չէր գալիս Շուշիում Սպարապետի պղծված արձանը։ Այնպես որ, այսօրվա միջոցառումներրը կարելի է համարել անարգանքի տուրք՝ Վազգեն Սարգսյանի հիշատակին։
Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի