Անահիտ Ավանեսյանը ոստիկանների գործողություննե...

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ոստիկանների ու քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներից տուժած քաղաքացիների առողջական վիճակին։ Ըստ նախարարի՝ բոլոր  քաղաքացիները, ոստիկանները ստացել են համապատասխան բուժօգնություն, նրանց մոտ 70%-ը առավոտյան արդեն դուրս է գրվել։

«Կա մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, հիմա նրա առողջական վիճակը նորմալ է։ Ստացած վնասվածքները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանքով են եղել, նաև ոստիկանների դեպքում։ Գնահատելը, թե ինչի հետևանքով են եղել ստացված վնասվածքները,  մեր հետազոտության շրջանակներում չէ»,- ասաց նա։

Ավանեսյանի հետազոտության շրջանակում չէ, թե ստացած վնասվածքները կոնկրետ ինչի հետևանք կարող են լինել, բայց նա անդրադարձել ու վերլուծել է ոստիկանների գործողությունները, դրանք անվանելով «ժողովրդավարական»։

«Այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը առհասարակ գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Իսկապես զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականցանում, նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»,-նշել է ՀՀ առողջապահության նախարարը։

Ավանեսյանը հավելել է, թե իր համար անընդունելի է կառավարական շենքեր մտնելու ընդդիմադիրների քայլերը։

«Ցանկացած անձ, ով իրականցնում է ոչ իրավաչափ գործողություն, պետք է պատրաստ լինի, որ նրա նկատմամբ համաչափ զսպման միջոցներ կկիրառվեն»։

Իսկ ի՞նչ կարծիք ունի Անահիտ Ավանեսյանը 2018թ-ին Ռադիոտուն մտնելու դեպքերի առնչությամբ․

«Կադրերը, որ նայեք,համեմատեք, կտեսնեք, որ միմյանց հետ որևէ առնչություն չունեն, վստահ եմ՝ շատ լավ տեսել եք տարբերությունը»։