Անահիտ Ավանեսյանը՝ բժշկական կենտրոնների մատու...
Չնայած այն բանին, որ տարվա ամփոփիչ ասուլիսին պատասխանել եմ բժշկական կենտրոնների կողմից մատուցված ծառայությունների դիմաց ֆինանսավորման ընթացքի վերաբերյալ հարցին, որոշ կայքեր և անձինք դեռ փորձում են շահարկել թեման: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Եվ այսպես, 2024 թ. պետական պատվերի ծառայությունների դիմաց ֆինանսավորումը կազմել է 127 մլրդ դրամ, որը 9 մլրդ դրամով ավելի է, քան 2023 թ. փաստացի և 2024 թ. տարվա սկզբին հաստատված բյուջեները: Այս աճը ցույց է տալիս, որ մենք, դիմելիության օբյեկտիվ աճով պայմանավորված, կարիքը բավարարել ենք և ապահովել ենք կատարողականների դիմաց պատշաճ ֆինանսավորումը, չնայած որ 2024 թ. առաջին տարին էր օֆերտայի համակարգին անցում կատարելուն և բավական դժվար էր կանխատեսել դիմելիության աճը:
 
Նշեմ, որ 40-ից ավելի ենթածրագրերից ամբողջ տարվա ընթացքում ժամանակավոր հերթագրման անցել են միայն մի քանիսը, և միայն 3 -ի դեպքում է այդ հերթը 2 ամսից ավելի եղել:
 
Տարվա ավարտին իրականացվել է վերաբաշխում՝ համաձայն ընթացակարգի 11 ամիսների, միջին կատարողականի ցուցանիշներով իրականացված կանխատեսումների, սակայն դեկտեմբերի 15 օրերի համար ներկայացվել է հավելյալ կատարողական:
 
Առողջապահության նախարարությունն իրկանացնում է երկու հավասար կարևոր գործառույթ` ապահովել մեր քաղաքացիների առողջապահական աճող կարիքների բավարարումը և ծախսվող միջոցների արդյունավետության ապահովումը: Այդ պատճառով անընդհատ աճող բյուջեին զուգահեռ պետք է խստացնենք նաև կատարողականների հավաստման գործընթացը, և դա պետք է իրականացնենք մինչև ֆինանսավորումը:
 
Համաձայն ընթացակարգի` հավելյալ կատարողականները հիմա ուսումնասիրվում են, և օբյեկտիվ աճերը միանշանակ կֆինանսավորվեն նորից` ըստ ընթացակարգի:
 
Որքանով հասկացա, մի քանի կազմակերպությունների այս մանրակրկիտ մոտեցումը դուր չի գալիս, և փորձում են մամուլի միջոցով անընդհատ «պարտք, պարտք» բառը կրկնելով` հասնել ինչ -ինչ նպատակների:
 
Ասեմ, որ այս տարի դեկտեմբերի երկրորդ կեսի ֆինանսավորումն առաջին անգամ կիրականացվի ոչ թե փետրվարին, այլ` հունվարին, այսինքն` դեռ մի բան էլ ֆինանսավորման ժամկետները առաջ են բերվել.այնպես որ այդ մի քանի կազմակերպություններին խորհուրդ կտամ հանգիստ սպասել ուսումնասիրության արդյունքներին և ֆինանսավորմանը, եթե, իհարկե, ամեն բան կարգին է իրենց մոտ»,- նշված է գրառման մեջ: