Ամուր մնացե՛ք, ձեր հավատքի և առ եկեղեցին ունե...

Րոպեներ առաջ Վեհափառը վերադարձավ Հայաստան։

«Զվարթնոց» օդանավակայանում հավաքված ժողովուրդը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին դիմավորեց ծափերով  և «Վեհափառ» վանկարկումներով։ 

Օդանավակայանում հնչեց «Տերունական աղոթքը», կատարեցին նաև «Երկար կյանք տուր Հայրապետին» շարականը։ 

«Վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը:

Ամուր մնացե՛ք, ձեր հավատքի և առ եկեղեցին ունեցած ձեր սիրո հավատարմության մեջ։ Մենք ձեր այս վերաբերմունքը գնահատում ենք, բայց նաև ցանկանում ենք ասել, որ այն առավել ևս պարտավորեցնում է մեզ՝ եկեղեցականներիս, մեր առաքելությունը նույն նվիրումով ու հավատարմությամբ իրականացնել։ Մեր հորդորը պիտի լինի, որ այս դժվարին ժամանակներում ամուր ու հաստատուն պահեք միաբանությունը ազգային մեր կյանքում, թույլ չտա՛ք, որ որևիցե կերպ մեր կյանքում տեղ գտնեն այնպիսի արարքներ ու գործողություններ, որոնք կվտանգեն մեր ազգային միասնությունը։

Մենք հավատում ենք, որ մեր միասնական ջանքերով, կարողությունների մեկտեղումով կկարողանանք դիմակայել բոլոր փորձություններին, հաղթել բոլոր դժվարությունները։ Աստված օգնական մեր ժողովրդին, այսօր և հավիտյանս»,- ասաց Գարեգին Բ-ն։