Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 13-ին ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Կոտայքի մարզի դատախազ Կարեն Սուքիասյանը, Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Կոտայքի մարզի դատախազության դատախազները, այլք:
Դատախազությունից հայտնում են, որ Կարեն Սուքիասյանը, ներկայացնելով Կոտայքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին Կոտայքի մարզում նախաձեռնվել է 4488 քրեական վարույթ (2024 թվականին՝ 4204 քրեական վարույթ):
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 1456 քրեական վարույթ՝ 1507 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 1190 քրեական վարույթ՝ 1276 անձի վերաբերյալ):
Մարզի դատախազի խոսքով՝ 2025 թվականին դատարաններում ավարտվել է 1131 քրեական գործ՝ 1158 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 1116 քրեական գործ՝ 1150 անձի վերաբերյալ):
Կարեն Սուքիասյանի տեղեկացմամբ, Կոտայքի մարզում 2025 թվականին գրանցված սպանության բոլոր 11 դեպքերը բացահայտված են:
Քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառված վնասը կազմել է 841 միլիոն 104 հազար դրամ: 2025 թվականին պետությանը և համայնքին պատճառված վնասից վերականգնվել է 786 միլիոն 49 հազար դրամը:
Կարեն Սուքիասյանի խոսքով՝ 2025 թվականին պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում, Կոտայքի մարզի դատախազության կողմից իրավասու դատարան է ներկայացվել 21 հայցադիմում, որոնք վերաբերում են շուրջ 1074 հա մակերեսով հողամասերին, 550 քմ մակերեսով նախկին մսուր մանկապարտեզի շենքին, 528 միլիոն 599 հազար դրամ գումարի պահանջներին:
Կոտայքի մարզի դատախազության կողմից հաշվետու ժամանակահատվածում իրավասու մարմիններին ուղարկվել է 49 միջնորդագիր՝ ուղղված հանցանքների պատճառների և պայմանների վերացմանը:
Միջնորդագրերի արդյունքում, ի թիվս այլնի՝
- Երևան-Սևան մայրուղու Աբովյանի կամուրջ հատվածում տեղադրվել է երկկողմանի լուսավորություն, ինչպես նաև տեղադրվել են համապատասխան հիշողության կրիչներով տեսախցիկներ:
- Երեք անձ զրկվել է վարորդական իրավունքից:
- Մեկ անձի՝ զենք պահելու և կրելու թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվել:
- Իրավաբանական անձի մեկ աշխատակից ենթարկվել է կարգապահական տույժի, ինչպես նաև մեկ իրավաբանական անձի տնօրեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
- Սահմանազատվել են Ջրվեժ համայնքի թիվ 3 գերեզմանատան և Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկի տարածքները:
- Առանձնացվել է Հրազդանի կենտրոնական գերեզմանատան տարածքը՝ պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության հողամասերից:
- Հանցագործությունների կանխման և նախականխման նպատակով՝ Կոտայքի մարզի դատախազի կողմից մի շարք գրավոր հանձնարարություններ են տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզային գումարտակին և ոստիկանության ՀՈԳՎ բաժիններին՝ կոնկրետ մատնանշված օրերին մարզի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ մայրուղիներին, կատարելու ուժեղացված ծառայություն և իրականացնելու ստուգողական գործողություններ, անձանց կուտակումներ և կասկածելի վարքագիծ ցուցաբերող անձանց հայտնաբերելու դեպքում ստուգել նրանց մոտ շրջանառությունն արգելված իրերի առկայությունը, վարորդների սթափ լինելը, ինչպես նաև ցուցաբերել հետևողականություն՝ նշված ստուգողական գործողությունները պատշաճ կատարելու նկատմամբ: Հանձնարարության կատարման արդյունքում ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը զենք կրելու, ինչպես նաև ապօրինի հրազեն ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, ձեռք բերելու և պահելու, թմրամիջոց ապօրինի ձեռքբերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են մի շարք անձինք: Նման պայմաններում նկատի ունենալով, որ նշված հանձնարարությունները տվել են որոշակի դրական արդյունք՝ 2026 թվականի ընթացքում նախատեսվել է առավել ակտիվացնել նման հանձնարարությունները:
Բացի այդ, Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝
- Ներկայացված միջնորդագրի հիման վրա՝ Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» («Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձանի տարածքում օտարված՝ 0.10519 հա մակերեսով հողատարածքի նկատմամբ: Կառավարության՝ 2025 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ՝ գույքն ամրացվել է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը։
- Դատարանի դատավճռով անվավեր է ճանաչվել 1700 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2008 թվականի օգոստոսի 16-ի կրկնաճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականի օգոստոսի 27-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագիրն ու սեփականության իրավունքի պետական գրանցումները: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի շուրջ 58 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ներառված 1700 քմ մակերեսով հողամասը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կոտայքի մարզի դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ` ուղղված պետական և համայնքային շահերի պաշտպանությանը, մարզում հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելուն:



