![«Ամո՛թ ա, ես անձամբ դրանով կզբաղվեմ». Ավինյան...](/imgs/posts/medium/2023/03/3fea699.jpeg)
Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված գրություն էինք գրել ոստիկանություն եւ արագ արձագանք էր եղել, բայց ես հիմա նորից ահազանգեր եմ ստանում, որ էդ պրոցեսը շարունակվում է, ամբողջապես չի դադարել: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նշեց. «Այս ընթացքում լավագույնս աշխատել է հասարակական կարգի պահպանության ծառայությունը, բավականին թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունն ու աշխատանքը այս ոլորտում:
Շինթույլտվություններում նշված է՝ որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը: Սակայն այս օղակի թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին անհրաժեշտ զգաստություն:
Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, վարչական շրջանների ղեկավարները բավականին թուլացրել են հերթապահության աշխատանքները, մարդիկ էլ սկսել են առիթից օգտվել:
Ինչ վերաբերում է Սիլիկյան թաղամասում աղբի տեղադրման աշխատանքներին, ամեն ինչ կազմակերպված է, բոլոր պայմանները ստեղծված են:
Մեր բոլոր ահազանգերին պարեկային ծառայությունն արձագանքում է, գալիս են եւ աջակցում են: Մենք իրավունք ունենք վարչական օրենսգրքով այդ պատիժը սահմանել կառուցապատողների նկատմամբ: Շատ տխուր է, որ խախտողների մի մասը լայն ծավալի կառուցապատողներ են»:
Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Պարոն Արեյան, ես կխնդրեմ ձեզ Գասկի մեր վարչական շրջանների ղեկավարների հետ պատասխանատվությունը ձեզ վրա դնելով եւ ինձ տեղեկացնելով, թե այս ընթացքում որ օղակում ով է թերացել; Ես անձամբ դրանով զբաղվեմ:
Մենք գիտենք խնդրի մասին, գիտենք, որ սա խախտում է եւ ստացվում է, որ չենք կարողանում դեմն առնել, դա ուղղակի ամոթ է բոլորիս: Կարծում եմ՝ հարցը 2 ժաբաթվա ընթացքում Երեւանում պետք է ամբողջապես լուծվի: Մենք դրա ռեսուրսը ունենք»: