ԱՄՆ–ը շուտով ցամաքային հարվածներ է սկսելու Վե...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է նոր գործողություն սկսել Վենեսուելայում ենթադրաբար թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող ցանցերի դեմ։ Նա զինվորականներին ասել է, որ «շատ շուտով» կսկսվեն ցամաքային հարվածներ։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Վերջին շաբաթներին դուք աշխատել եք՝ կանխելու վենեսուելացի թմրավաճառների գործողությունները, որոնց թիվը շատ մեծ է։ Իհարկե, ծովով այլևս շատ չեն գալիս։ Դուք, հավանաբար, նկատել եք, որ մարդիկ չեն ցանկանում ծովով առաքումներ կատարել, և մենք կսկսենք նրանց կանգնեցնել նաև ցամաքում։ Ցամաքով ավելի հեշտ է, բայց դա շատ շուտով կսկսվի։ Մենք զգուշացնում ենք նրանց՝ դադարեցրեք թույն ուղարկել մեր երկիր», - ասել է Թրամփը զինվորականներին Գոհաբանության օրվա կապակցությամբ նրանց հետ տեսազանգի ժամանակ։ 

Ավելի վաղ Թրամփը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և կառավարության մի շարք անդամների դասակարգել է որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության անդամներ։ Խոսքն «Արևների կարտել» (Cartel de los Soles) կազմակերպության մասին է, որն ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության՝ ղեկավարում են Մադուրոն և նրա մերձավորները։ «Արևների կարտել»-ի դասակարգումն ահաբեկչական կազմակերպությունների շարքում Թրամփին թույլ կտա նոր պատժամիջոցներ սահմանել Մադուրոյի նկատմամբ։ Այնուամենայնիվ, ըստ փորձագետների, դա թույլ չի տալիս մահաբեր ուժ կիրառել։

ԱՄՆ զինվորականները մեկ տասնյակից ավելի ռազմանավեր և 15 000 զինվորականներ են տեղակայել տարածաշրջանում՝ «Հարավային նիզակ գործողության» շրջանակում։ ԱՄՆ զինված ուժերը թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի պատճառաբանությամբ Խաղաղ օվկիանոսում բազմաթիվ նավակներ են թիրախավորել՝ սպանելով ավելի քան 80 մարդու։