ԱՄՆ–ում «Թրամփի ուղու» օրակարգով հանդիպում է...

Ես չգիտեմ ճշգրիտ ամսաթիվը, թե երբ կսկսվեն «Թրամփի ուղի» ծրագրով աշխատանքները տեղում, բայց գիտեմ, որ նույնիսկ այսօր ինձ հրավիրել են Վաշինգտոնում կայացած միջոցառման՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից և այլ հետաքրքրված ընկերությունների հետ՝ այդ ծրագրի շրջանակներում համագործակցության մասին խոսելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնական Ասիա–Կովկաս ինստիտուտի ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ծրագրի տնօրեն Լաուրա Լինդերմանը։

Դիտարկմանը, որ փաստորեն այս խնդիրները քննարկվում են Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ, նա ասաց. «Այո, Վաշինգտոնից հետաքրքրված ընկերություններ, ամերիկյան ընկերություններ հանդիպում են Ադրբեջանի և Հայաստանի բիզնես ոլորտի ներկայացուցիչների հետ»։

Ինչ վերաբերում է նրան, թե «Թրամփի ուղին» ինչպես է համադրվելու, փոխազդելու այլ տարածաշրջանային տրանսպորտային նախաձեռնությունների հետ, ինչպիսին, օրինակ, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն է, Լինդերմանը նշեց. «Որքան շատ տարանցիկ միջանցքներ լինեն, որոնք Կովկասը կապեն Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ, նաև հյուսիսը հարավի հետ, այնքան լավ: Դա նշանակում է ավելի շատ տնտեսական ինտեգրացիա Հայաստանի համար, ինչը, հուսով եմ, նշանակում է ավելի շատ աշխատատեղեր և ավելի լավ ապագա Հայաստանում ապրող հայերի համար: Ես շատ դրական եմ տրամադրված լրացուցիչ միջանցքների հարցում»։

Հարցին՝ ինչպես «Թրամփի ուղին» կփոխի իրավիճակը Հարավային Կովկասում, ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական առումով, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ սա խաղի կանոնները փոխող նախաձեռնություն է և կարող է բավականին լավ լինել Հարավային Կովկասի համար ապագայում, քանի որ որքան շատ Հարավային Կովկասը կարողանա համագործակցել, այնքան ավելի ուժեղ կլինի նրանց համար՝ ցանկացած տարածաշրջանում դժվար հարևանների հետ գործ ունենալու համար: Այսպիսով, դա նրանց ավելի շատ լծակներ է տալիս տնտեսական ինտեգրացիա և տարածաշրջանով հզոր երթուղիներ ունենալու համար»։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ ընկերություն է համակարգելու «Թրամփի ուղու» գործունեությունը, նա ընդգծեց. «Որքան հասկանում եմ, մենք խոսում ենք Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից, Միացյալ Նահանգներից տարբեր միջազգային ընկերությունների հետ։ Այսպիսով, կարծում եմ, որ «Թրամփի ուղու» վրա կաշխատեն տարբեր ընկերություններ»։

Անդադառնալով հարցին, թե Ռուսաստանը որևէ կերպ կինտեգրվի՞ այս գործընթացին, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ընդհանրապես կինտեգրվի այս միջանցքի գործընթացին։ Բայց գուցե նրանք ունեն այլ միջանցքներ, որոնց վրա աշխատում են Հայաստանի հետ, ինչպիսին է Հյուսիս-Հարավ միջանցքը»։