ԱՄՆ–Իրան բանակցությունները Ստամբուլից կարող ե...

ԱՄՆ-ի և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են ուրբաթ օրը Ստամբուլում կայանալիք բանակցություններին՝ Մերձավոր Արևելքում աճող լարվածության ֆոնին:

Երկուշաբթի օրը The Wall Street Journal և The New York Times պարբերականները հայտնել են, որ նախատեսված հանդիպմանը կմասնակցեն ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ Թուրքիան հանդես կգա որպես հյուրընկալող կողմ:

Ակնկալվում է, որ բանակցություններին կմասնակցեն նաև Քաթարի, Եգիպտոսի և տարածաշրջանի այլ երկրների պաշտոնյաներ: Սակայն Axios պարբերականը երեքշաբթի հայտնել է, որ Իրանը պահանջել է փոխել բանակցությունների ձևաչափն ու վայրը: Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով իր աղբյուրին, հաստատել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն ընդունել է Թեհրանի խնդրանքը՝ բանակցությունները Օման տեղափոխելու վերաբերյալ: