ԱՄՆ-ը ընդլայնել է հետախուզական տվյալների փոխա...

ԱՄՆ-ը ընդլայնել է հետախուզական տվյալների փոխանակումը Ուկրաինայի հետ՝ ներառելով Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների վերաբերյալ տեղեկատվություն, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով երկու աղբյուրների,- գրում է news.am-ը։

Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրված հետախուզական տվյալները վերաբերել են ռուսական էներգետիկ օբյեկտներին և ենթակառուցվածքներին, որոնք Թրամփի վարչակազմը նախկինում համարում էր անընդունելի թիրախներ։ Սպիտակ տունը խնդրել էր Ուկրաինային զերծ մնալ Ռուսաստանի նավթի, գազի եւ էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելուց՝ մինչեւ գագաթաժողովը։ Սակայն երբ Թրամփը և Պուտինը հեռացան Ալյասկայից՝ առանց խաղաղության համաձայնագրի, Միացյալ Նահանգները Ուկրաինայի համար այդ թիրախների վրա հարձակումները վերսկսելու «կանաչ լույս» վառեց, հաղորդել է CNN-ը։

Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինան այժմ ընդունել է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված հարվածների նպատակային ռազմավարություն: Կիևը էներգետիկ հարվածները համարում է ռազմավարական արդյունքի հասնելու մնացած քիչ միջոցներից մեկը։

Հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահը կհանդիպի Թրամփի հետ: Այս հանդիպման ընթացքում նա, ինչպես սպասվում է, կպնդի Ուկրաինային հեռահար «Թոմահավկ» հրթիռներ տրամադրելու հարցում, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին: CNN-ը հաղորդել է, որ Թրամփը վերջերս նշել է, որ «բաց է այդ գաղափարի համար»: Սակայն հոկտեմբերի 16-ի երեկոյան, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ նախագահը նշել է, որ «մեզ էլ են պետք «Թոմահավկները»:

Հոկտեմբերի 16-ին Թրամփը ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որը տևել է մոտ երկու ժամ: Այս զրույցից հետո, ըստ Թրամփի, երկու առաջնորդները համաձայնել են իրենց պատվիրակությունների, ինչպես նաեւ անձնական հանդիպման վերաբերյալ, որը նախնականորեն նախատեսված է Բուդապեշտում: