ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներին դադարեցնել բանակցությունները Իրանի հետ։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյանին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ը տեղեկացրել է իր քաղաքական դաշնակիցներին ռազմավարության փոփոխության մասին. «հնարավորինս շուտ ջախջախել Իրանը» մոտեցումը փոխարինվել է «ժամանակի ընթացքում այն խեղդելու» գաղափարով։
Ինչպես նշում է CNN-ը, եթե նախկինում Թրամփը բազմիցս հանդես է եկել այն պնդումներով, թե բանակցությունները լավ են ընթանում և որ նոր գործարքն ամեն պահի կկնքվի, ապա այժմ ամերիկյան առաջնորդը խոսում է այս ուղղությամբ որևէ դիվանագիտական ջանքերի բացակայության մասին։
Հեռուստաընկերության աղբյուրների տվյալներով՝ Թրամփը հրահանգ է տվել իր բանակցողների թիմին, որի մեջ մտնում են նրա փեսա Ջարեդ Քուշները, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, չհամագործակցել Թեհրանի հետ։
Թեև նախագահը հրամայել է դա Իրանի հետ «դրական բանակցություններից» հետո, CNN-ի աղբյուրները պարզաբանել են, որ Թրամփը դժգոհ է Թեհրանի՝ իր պահանջներին զիջելու պատրաստակամության բացակայությունից։ Ինչպես նշվում է, նախքան բանակցությունները վերսկսելը, ամերիկյան առաջնորդը ցանկանում է սպասել, քանի դեռ Իրանի առաջնորդները պատրաստակամություն կցուցաբերեն կնքել այն գործարքը, որին նա ձգտում է։
Հիշեցնենք, որ Թրամփն ավելի վաղ Truth Social-ում գրել էր, որ ԱՄՆ-ը չի վարում և չի պլանավորում բանակցություններ վարել Իրանի հետ։



