ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը պնդում է, որ Չինաստանը գնել է վենեսուելական նավթի որոշակի քանակություն, որն ավելի վաղ գնվել էր ԱՄՆ-ի կողմից, գրում է Bloomberg գործակալությունը:
«Չինաստանն արդեն գնել է հում նավթի մի մասը, որը վաճառվել էր ԱՄՆ կառավարության կողմից: Բիզնեսի վարման օրինական պայմաններով՝ չինական օրինական գործարքները սովորական երևույթ կլինեն», - ասել է նա՝ պատասխանելով երկրում հնարավոր համատեղ ձեռնարկությունների մասին հարցին:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտարարել է, որ ծանոթ չէ Ռայթի հայտարարություններին, երբ հինգշաբթի օրը Պեկինում կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ նրան հարցրել են այդ մասին, նշում է գործակալությունը:
Նավթի համաշխարհային շուկան ցնցվել է հունվարին, երբ ամերիկյան զորքերը ներխուժել են Վենեսուելա և ձերբազատել նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին, իսկ Վաշինգտոնը վերահսկողություն է հաստատել ՕՊԵԿ-ի անդամ երկրի նավթային արդյունաբերության նկատմամբ:
Այդ ժամանակից ի վեր թրեյդերները ազդանշաններ են փնտրում այն մասին, թե ինչպես կարող են փոխվել արտահանման կառուցվածքները և ինչպես կարող է վերականգնվել արտադրությունը՝ տարիներ շարունակ անտեսումից, պատժամիջոցներից և անբավարար ներդրումներից հետո:
Հարավամերիկյան երկրում այսպես կոչված «նավթային կարանտինը», ըստ էության, ավարտվել է, հինգշաբթի օրը հայտարարել է Ռայթը: Ինտերվենցիայի նախօրեին ԱՄՆ-ը հսկայական ռազմածովային ուժերի օգնությամբ արգելափակել էր երկրի նավթային հոսքերը և առգրավել մի քանի նավ:
Չինաստանի՝ նավթի աշխարհի խոշորագույն ներկրողի նավթավերամշակող ընկերությունները վենեսուելական նավթի ամենամեծ գնորդներն են եղել մինչև ԱՄՆ-ի որոշումը, ընդ որում՝ ներկրման հիմնական մասը գնել են մասնավոր վերամշակողները: Հաշվի առնելով, որ այդ մատակարարումների վրա պատժամիջոցներ են դրված եղել՝ դրանք սովորաբար առաջարկվում էին մեծ զեղչերով, ինչը դրանք գրավիչ էր դարձնում տեղական սպառողների համար: Մադուրոյի ձերբազատումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին կփոխանցի 30-ից 50 միլիոն բարել նավթ, որը գտնվում է պատժամիջոցների տակ:
Բացի այդ, հունվարին Ռայթը Fox News-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը չի փակի վենեսուելական նավթին Չինաստանի հասանելիությունը։ ԱՄՆ գործողություններից հետո հնդկական մի քանի նավթավերամշակող ընկերություններ գնել են վենեսուելական առաջատար Merey տեսակի նավթը և կառավարությունը դիմել է պետական վերամշակողներին՝ խնդրելով դիտարկել վենեսուելական և ամերիկյան նավթի գնումների ավելացման հնարավորությունը։
Արտահանումն իրականացվում է նաև այլ շուկաներ, ներառյալ Իսրայելը։ Վենեսուելայում որոշ բանկեր արդյունահանման վերականգնում են ակնկալում միջնաժամկետ հեռանկարում։ Արդյունահանումը կարող է հասնել օրական 2 միլիոն բարելի՝ երկու-երեք տարվա ընթացքում, այս շաբաթ Bloomberg Oil Markets Outlook 2026 միջոցառման ժամանակ հայտարարել է JPMorgan Chase & Co.-ի հումքային ռազմավարության բաժնի ղեկավար Նատաշա Կանևան։
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) տվյալներով՝ դեկտեմբերին Վենեսուելայում մատակարարումները կազմել են օրական մոտ 896,000 բարել։



