
ԱՄՆ-ը, խաղաղարարի քողի տակ, ցանկանում է շահարկել ուկրաինական ճգնաժամը։ Այս կարծիքն է հայտնվել China Daily թերթի հոդվածում։ «Խաղաղության ձգտումը ԱՄՆ նախագահի [Դոնալդ Թրամփի] եւ նրա գործընկերների համար ընդամենը քող է՝ առավելագույնի հասցնելու Միացյալ Նահանգների շահերը»,- գրել են հոդվածի հեղինակները։ Նրանց կարծիքով՝ խաղաղությունը Սպիտակ տան ղեկավարի իրական շարժառիթը չէ՝ Մերձավոր Արեւելքի եւ ուկրաինական ճգնաժամերին վերջ դնելու միջնորդության հարցում։ Կիեւի հետ Վաշինգտոնի կոշտ բանակցությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ը կարող է «հարձակվել ցանկացած կողմի վրա, որը կասկածի տակ կդնի նրա ջանքերը»: Երեքշաբթի Ջիդայում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ։ Դրանք տեւել են մոտ իննուկես ժամ։ Բանակցությունների արդյունքում Վլադիմիր Զելենսկու կայքում հրապարակվել է կողմերի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի ԱՄՆ առաջարկը, իսկ Վաշինգտոնն անհապաղ կչեղարկի հետախուզության տրամադրման դադարը եւ կվերսկսի Կիեւին օգնությունը։ Հայտարարությունում նշվել է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են հնարավորինս արագ համապարփակ համաձայնագիր կնքել կարեւոր օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ՝ Ուկրաինայի տնտեսությունը հզորացնելու նպատակով։ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Ջիդայում ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո ասել է, որ Ուկրաինայում հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը կստորագրվի, երբ ԱՄՆ-ը հարմար համարի։