ԱՄՆ-ը կասեցրել է վիզաների հարցազրույցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակավորապես կասեցրել է ամբողջ աշխարհում ներգաղթային վիզաների դիմորդների հարցազրույցների նշանակումը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ բոլոր դեսպանատներում և հյուպատոսարաններում մեկնարկել է հյուպատոսական աշխատակիցների վերապատրաստման գլոբալ ծրագիր։ Այդ գործընթացը կազմակերպելու համար վիզաների տրամադրման ծառայությունների հանդիպումների ժամանակացույցը ժամանակավորապես կվերանայվի։

Թրամփի վարչակազմը վերջին ամիսներին խստացրել է ԱՄՆ ներգաղթային քաղաքականությունը՝ իրականացնելով լայնածավալ արտաքսումներ և սահմանափակելով ներգաղթային գործընթացները։ Այդ միջոցառումների շրջանակում եղել են նաև վիզաների և «գրին քարտերի» չեղարկումներ, ինչպես նաև որոշ դիմումների մերժումներ։

Վարչակազմը պնդում է, որ նման խստացումների նպատակն ԱՄՆ ազգային և ներքին անվտանգության ամրապնդումն է։

Միևնույն ժամանակ, ներգաղթային քաղաքականության որոշ միջոցառումներ բախվել են իրավական խոչընդոտների։ Ուրբաթ օրը ԱՄՆ դաշնային դատավորը չեղարկել է Թրամփի վարչակազմի այն որոշումը, որով կասեցվում էր 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը։ Դատավորը որոշել է, որ այդ քաղաքականությունը դուրս է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից։