ԱՄՆ-ը ՀՕՊ համակարգեր է տեղակայել Մերձավոր Արե...

ԱՄՆ-ը արդեն տեղակայել է իր Patriot զենիթահրթիռային համալիրները եւ THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերը Մերձավոր Արեւելքի բազաներում՝ հնարավոր հակամարտության դեպքում իրանական հրթիռները որսալու համար, գրել է The Economist պարբերականը։

«Ավիակիրը, կործանիչները, Patriot/THAAD համակարգերը, լցարկող ինքնաթիռները եւ լոգիստիկ կենտրոններն այժմ գտնվում են իրենց դիրքերում»,- նշել է պարբերականը՝ ավելացնելով, որ ամերիկյան ուժերի խմբավորումը տարածաշրջանում վերջին շրջանում կտրուկ փոխվել է։

Flightradar24-ի եւ ADS-B Exchange ավիացիոն ռեսուրսների տվյալներով՝ անցյալ շաբաթ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ռազմատրանսպորտային ինքնաթիռը բեռներ է հասցրել Մերձավոր Արեւելք Ռոբերտ Գրեյի օդանավակայանից, որն օգտագործվում է նաեւ Տեխասի Ֆորտ Կավասոսում տեղակայված ՀՕՊ բանաային գնդի կողմից: Ֆորտ Կավասոսում տեղակայված է ՀՕՊ 62-րդ հրետանային գունդը, որը շահագործում է Patriot ցամաքային-օդ հրթիռային համալիրներ եւ THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք նախատեսված են բալիստիկ թիրախները որսալու համար:

Միայն վերջին երեք օրվա ընթացքում ամերիկյան տրանսպորտային ինքնաթիռները վեց չվերթ են իրականացրել, այդ թվում՝ երկուշաբթի օրը, դեպի Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ բազա եւ մեկ թռիչք դեպի Սաուդյան Արաբիայի Արքայազն Սուլթան բազա։

The Economist-ը, սակայն, կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հնարավոր է, դեռ չի որոշել հարվածել Իրանին։ Բայց մասնավոր զրույցներում Պարսից ծոցի որոշ պաշտոնյաներ ասում են, որ հավանական է՝ ամերիկյան զանգվածային հարված հասցվի Իրանին, եւ որ Թրամփը, հավանաբար, կթիրախավորի Իրանի քաղաքական ղեկավարությանը, գրել է պարբերականը։

Իրանն ակնհայտորեն անհանգստացած է եւ զգուշացնում է Ամերիկային, որ, ի տարբերություն անցյալ տարվա հրթիռային հարձակումների, նա ամերիկյան ցանկացած հարձակմանը կվերաբերվի որպես «տոտալ պատերազմ»: Սա ենթադրում է, որ նա կպատասխանի ոչ միայն փոքր հրթիռային հարվածներով, ինչպես դա արեց անցած հունիսին Կաթարի Ալ Ուդեյդ ավիաբազայի վրա հարձակման ժամանակ, այլ նաեւ շատ ավելի մեծ հարձակումներով, գուցե նույնիսկ կանխարգելիչ հրթիռներ արձակելով, նախքան Ամերիկան ​​կամ Իսրայելը կհարվածեն համազարկային սարքերին, նշել է The Economist-ը։

Middle East Eye պարբերականը, վկայակոչելով իրազեկ աղբյուրին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները ծրագրում է թիրախային հարվածներ հասցնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին եւ հրամանատարներին, որոնց պատասխանատու է համարում Իրանում ցույցերի ժամանակ զոհվածների համար: Ըստ լրատվական կայքի աղբյուրի՝ հարվածները կարող են իրականացվել արդեն այս շաբաթ։