ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը սկսել են գաղտնի բանակցութ...

Իր առաջին նախագահական ժամկետում Դոնալդ Թրամփը մարտնչում էր Գերմանիայի կառավարության հետ՝ պահանջելով դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությունը եւ նույնիսկ պատժամիջոցներ կիրառել դրա դեմ։ Իսկ այժմ նրա վարչակազմը փորձում է բանակցել Կրեմլի հետ՝ ամերիկյան միջնորդությամբ գազատարը վերագործարկելու եւ Գերմանիա մատակարարումները վերսկսելու համար։ Միաժամանակ, ինչպես Ուկրաինայում պատերազմի ավարտի քննարկման դեպքում, բանակցությունները տարվում են առանձին. Բեռլինում դրանց մասին չգիտեն։ «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը բանակցվում է այն նույն անձի կողմից, որը պահանջել է դրա փակումը։ Գերմանիայում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Գրենելը, այժմ՝ Թրամփի հատուկ բանագնացը, մի քանի անգամ ոչ պաշտոնապես մեկնել է Շվեյցարիա՝ գործարքը քննարկելու համար, գրել է Bild-ը՝ հղում կատարելով սեփական հետաքննության արդյունքներին։ Այնտեղ՝ Ցուգ կանտոնի Շտայնհաուզենում է գտնվում Nord Stream 2 խողովակաշարի օպերատորի շտաբը։ Nord Stream 2-ի նախկին գործադիր տնօրեն Մաթիաս Վարնիգը նույնպես ներգրավված է գազատարի վերագործարկմանը, տեղեկացրել է Financial Times-ը՝ հղում կատարելով բանակցություններին տեղյակ մի քանի մարդկանց: Ըստ նրանց՝ Վարնիգը՝ Արեւելյան Գերմանիայի գաղտնի ոստիկանության՝ «Շտազիի» նախկին գործակալը, որն այն ժամանակ ակտիվորեն աշխատել է Վլադիմիր Պուտինի հետ, երբ նա նախագահ դարձավ, ամերիկացի գործարարների միջոցով կապ է հաստատել Վաշինգտոնի հետ։ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ նշանավոր անդամներ տեղյակ են ամերիկացի ներդրողներին ներգրավելու նախաձեռնության մասին եւ դա համարում են Մոսկվայի հետ հարաբերությունները վերականգնելու ջանքերի մի մաս, ասել են Վաշինգտոնի պաշտոնյաները:«Հյուսիսային հոսք 2»-ի վերակենդանացման գաղափարի քննարկման մասին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն իմացել են միայն վերջին շաբաթներին, գրել է FT-ն։ Նրանցից մի քանիսի կարծիքով՝ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ մտահոգված են առանձին բանակցություններով եւ քննարկում են այդ հարցը։Գերմանիայի կառավարությունը չի մասնակցել այդ բանակցություններին, եւ գերմանացի պաշտոնյաները նշում են, որ տեղյակ չեն Գրենելի Շվեյցարիայում ունեցած հանդիպումների մասին, գրել է Bild-ը։ Գերմանիան երբեք պաշտոնական թույլտվություն չի տվել «Հյուսիսային հոսք 2»-ը շահագործման հանձնելու համար։ Օլաֆ Շոլցի կառավարությունը, որը իշխանության եկավ 2021թ. աշնանը, հետաձգեց այս հարցի լուծումը, այնուհետեւ ամբողջությամբ արգելափակեց նախագիծն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը Պուտինի հրամանով Ուկրաինա ներխուժեցին: 2022թ. սեպտեմբերին Nord Streams 1-ի եւ 2-ի չորս գծերից երեքը պայթեցվել են, 2-րդ խողովակաշարի մեկ գիծը մնացել է ամբողջական։Գազատարի աշխատանքի վերսկսման հիմնական գաղափարն այն է, որ, համաձայն Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պայմանավորվածության, վերջինս հանդես կգա որպես միջնորդ եւ ռուսական գազը «Հյուսիսային հոսք 2»-ով Գերմանիա կտեղափոխի, գրել է Bild-ը։ «Այսպիսով, ըստ հաշվարկների, ամերիկացիները կբացեն գերմանական գազի ծորակը եւ միեւնույն ժամանակ գումար կաշխատեն»,- նշել է թերթը։ Ծրագրեր կան նաեւ Nord Stream 1-ի համար խողովակների վերանորոգումից հետո. դրանց միջոցով հնարավոր կլինի էկոլոգիապես մաքուր ջրածին տեղափոխել Ֆինլանդիայից: Ամերիկացի ներդրող Սթիվեն Լինչը, որը կապեր ունի Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում, վերջերս հայտնել է Nord Stream 2-ի աշխատանքի վերսկսմանը մասնակցելու մտադրության մասին։ Նա գնահատել է ակտիվը 11 մլրդ դոլար եւ հայտնել է, որ պատրաստ է մասնակցել գազատարի սակարկություններին, երբ «Հյուսիսային հոսք 2»-ի ակտիվները հանվեն վաճառքի։ Ե՛վ այս, ե՛ւ 1-ին գազատարի շահագործողը գտնվում է սնանկության վարույթում։ Ցուգի կանտոնային դատարանը, որը վերահսկում է ընթացակարգը, Nord Stream-ին երկու անգամ ժամանակ է տվել մինչեւ մայիսի 9-ը՝ խողովակաշարերի հարկադիր վաճառքը կանխելու համար: Դատարանը որպես պատճառ նշել է աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, Թրամփի երդմնակալությունը եւ ֆինանսական ներդրողների հետաքրքրությունը։Թրամփը 2019թ. դեկտեմբերին պատժամիջոցներ սահմանեց «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ՝ Ռուսաստանի կողմից «ագրեսիան զսպելու» միջոցառումների շրջանակում։ Նրանք արգելեցին որեւէ ընկերության՝ ամերիկյան ակտիվների արգելափակման սպառնալիքի ներքո, մասնակցել «Հյուսիսային հոսք 2» եւ «Թուրքական հոսք» նախագծերի իրականացմանը (եւ Ուկրաինային տրամադրեցին 300 մլն դոլար ռազմական օգնություն): Դրանից հետո «Գազպրոմի» կապալառու շվեյցարական Allseas ընկերությունը դադարեցրեց խողովակների տեղադրման աշխատանքները։ Թրամփը պնդում էր, որ համագործակցելով Ռուսաստանի հետ՝ Գերմանիան եւ ընդհանուր առմամբ Եվրամիությունն իրենց էներգետիկ կախվածության մեջ են դնում Կրեմլից։Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո ԵՄ-ը նպատակ է դրել ամբողջությամբ ազատվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից մինչեւ 2027թ.։ Սակայն Գերմանիայում որոշ ընկերություններ եւ քաղաքական գործիչներ այժմ ակնկալում են Ռուսաստանից գազամատակարարման վերսկսումը՝ Ուկրաինայում խաղաղ կարգավորման դեպքում. դա կօգնի նվազեցնել էներգիայի մեծ ծախսերը: