
New York Times թերթի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը եվրոպացի պաշտոնյաներին ոչ հրապարակայնորեն տեղեկացրել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների հետապնդման միջազգային կենտրոնի կազմից (ICPA) դուրս գալու մասին։
Խումբը ստեղծվել է Ռուսաստանի ղեկավարությանը, ներառյալ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաեւ Բելառուսում, Հյուսիսային Կորեայում եւ Իրանում նրա դաշնակիցներին այն հանցագործությունների հարցում պատասխանատվության ենթարկելու համար, որոնք, միջազգային իրավունքի համաձայն, համարվում են ագրեսիա, հիշեցրել է թերթը։
Ինչպես տեղեկացրել են NYT զրուցակիցները, ակնկալվում է, որ որոշման մասին երկուշաբթի կհայտարարվի խմբի գլխավոր կազմակերպության՝ Քրեական արդարադատության ոլորտում ԵՄ համագործակցության գործակալության (Եվրոյուստ) աշխատակիցներին եւ անդամներին:
Ինչպես նշել է պարբերականը, խմբից ԱՄՆ դուրս գալը եւս մեկ վկայությունն է այն բանի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հեռանում է նախկին նախագահ Ջո Բայդենի պարտավորությունից՝ Պուտինին ենթարկել անձնական պատասխանատվության ուկրաինացիների դեմ գործված հանցագործությունների համար։ Այդ նպատակով ԱՄՆ-ը միացել է խմբին 2023թ.։
Թերթի տվյալներով՝ Թրամփի վարչակազմը խմբից դուրս գալու որոշումը բացատրել է ռեսուրսների վերաբաշխման անհրաժեշտությամբ։ Միացյալ Նահանգները միակ երկիրն էր Եվրոպայի սահմաններից դուրս, որը համագործակցում էր խմբի հետ՝ արդարադատության նախարարության ավագ կուրատորին ուղարկելով Հաագա՝ Ուկրաինայի, Բալթյան երկրների եւ Ռումինիայի քննիչների հետ աշխատելու համար։