ԱՄՆ-ը դադարեցնում է գրին-քարտերի որոշ հայտերի...

ԱՄՆ իշխանությունները միգրանտների ավելի մանրակրկիտ զննման շրջանակում դադարեցրել են գրին-քարտերի նոր դիմումների քննարկումը որոշ կատեգորիաների մարդկանց, այդ թվում՝ փախստականների համար։ Այս մասին հայտնել է CBS News հեռուստաալիքը՝ հղում կատարելով ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության հաղորդագրությանը։ «ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունները կասեցնում են կարգավիճակի վերաբերյալ որոշակի դիմումների մշակումը, քանի դեռ չեն ավարտվել լրացուցիչ վերանայումները եւ վերլուծությունները՝ հանրային անվտանգությանը կամ ազգային անվտանգությանը սպառնացող հնարավոր խարդախությունները եւ սպառնալիքները բացահայտելու համար՝ նախագահ Դոնալդ Թրամփի հրահանգով»,- նշվել է հաղորդագրությունում:CBS-ի փոխանցմամբ՝ դիմումների կասեցումն անհրաժեշտ է Թրամփի կողմից նախկինում արձակված երկու հրամանագրերին համապատասխանելու համար։ Դրանցից մեկը նախատեսում է «օտարերկրացիների առավել մանրակրկիտ զննում, որոնք մտադիր են մուտք գործել Միացյալ Նահանգներ կամ արդեն գտնվում են նրա տարածքում»: Երկրորդը թույլ է տվել պետդեպարտամենտին մեքսիկական կարտելները եւ հանցախմբերն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչել:Թրամփը բազմիցս հանդես է եկել ԱՄՆ ներգաղթի քաղաքականության խստացման օգտին։ Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու մասին։ Ներքին անվտանգության նախարարությունը ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ թույլ տալով նրանց արտաքսել անօրինական ներգաղթյալներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց ներգաղթի դատարանի որոշման։