Ամերիկյան ներկա վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կաշխատի համաշխարհային խաղաղության խթանման ուղղությամբ, սակայն չի զոհաբերի իր ազգային շահերն ու արժեքները որոշակի հակամարտությունները կանխելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք հասկանում ենք, որ, ցավոք, կոնֆլիկտներ կլինեն մարդկանց միջեւ մարդկային էության պատճառով: Մենք կձգտենք խուսափել եւ կանխել դրանք, բայց ոչ երբեք ի հաշիվ մեր ազգային անվտանգության, ոչ մեր ազգային շահերի, ոչ երբեք ի հաշիվ մեր հիմնական արժեքների՝ որպես երկիր եւ ժողովուրդ»,- հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքականության վարչության նոր ղեկավարը՝ առաջին աշխատանքային օրը խոսելով ենթակաների հետ։ «Ես ելնում եմ այն բանից, որ բոլոր երկրները առաջ են տանում իրենց ազգային շահերը։ Այն դեպքերում, եւ հուսով եմ, որ դրանք շատ կլինեն, երբ մեր ազգային շահերը համընկնեն, մենք կձգտենք միասին աշխատել»,- վստահեցրել է Ռուբիոն։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Թրամփի հիմնարար նպատակը «գլոբալ քաղաքականության համար խաղաղության խթանումն ու հակամարտությունների կանխումն է»։ Ռուբիոն նաեւ ներկայացրել է իր պատկերացումները ԱՄՆ պետդեպարտամենտի գլխավոր առաքելության վերաբերյալ։ «Երբեմն միջազգային հարաբերություններում մեր ունեցած բոլոր ընտրությունները հանգում են գործողությունների երկու վատ տարբերակի: Եվ մենք պարզապես փորձում ենք պարզել, թե դրանցից որն է, որ ավելի քիչ է վատ: Ցավալի է, բայց աա է ճշմարտությունը: Սա դժվար գործ է, եւ մենք կձգտենք դա լավ անել։ Սա մեր գերատեսչության կենտրոնական խնդիրն է։ Եվ սա կլինի կենտրոնական խնդիր, քանի դեռ Դոնալդ Թրամփն է նախագահը: Եվ մենք արդյունավետ կաշխատենք նրա անունից»,- ասել է Ռուբիոն: