ԱՄՆ-ը չի ստորագրել Ուկրաինայի անվտանգության վ...

Հրադադարից հետո Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ռազմական բազաներ կտեղակայեն ամբողջ Ուկրաինայում և կկառուցեն անվտանգ օբյեկտներ զենքի և ռազմական տեխնիկայի պահեստավորման համար՝ Ուկրաինայի պաշտպանական կարիքները բավարարելու նպատակով, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Փարիզում կայացած «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին։

«Մենք նաև համաձայնության ենք եկել կարևոր քայլերի շուրջ կոալիցիոն մյուս գործընկերների հետ: Նախ, մենք կմասնակցենք ԱՄՆ-ի գլխավորությամբ հրադադարի մոնիթորինգին: Երկրորդ, մենք կաջակցենք Ուկրաինայի պաշտպանության համար զենքի երկարաժամկետ մատակարարմանը: Եվ երրորդ, մենք կաշխատենք պարտավորվել աջակցել Ուկրաինային Ռուսաստանի կողմից ապագա զինված հարձակման դեպքում», — ասել է Սթարմերը հանդիպումից հետո մամուլի ասուլիսում:

ՀԻշեցնենք, որ երեկ Փարիզում տեղի է ունեցել  «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովը, որին մասնակցել է Վլադիմիր Զելենսկին, Ֆրիդրիխ Մերցը, Էմանուել Մակրոնը, Քիր Սթարմերը, Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները: Հանդիպման ընթացքում մասնակիցները ստորագրել են պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում բազմազգ ուժերի տեղակայման մասին հռչակագիր:

Politico-ն հաղորդում է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ Փարիզում կայացած «կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ չի ստորագրել համատեղ հայտարարություն։

«Վերջնական հռչակագիրը, ի վերջո, ստորագրվել է միայն «կամավորների կոալիցիայի» կողմից»,-նշել է պարբերականը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար։