ԱՄՆ նախաձեռնվծ TRIPP միջանցքը գրավել է ներդրողների ուշադրությունը։ Այս մասին նշվել է «Fitch Solutions»-ի կանխատեսման մեջ։
Կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը մտել է նախնական իրականացման փուլ, տարածաշրջանում ԱՄՆ աշխարհառազմավարական ներկայության աճը մեծացրել է նաեւ նոր տարանցիկ նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը։ TRIPP միջանցքը, որը Հայաստանի միջոցով կկապի Ադրբեջանը Նախիջեւանի հետ, կարող է զգալիորեն փոխել տարածաշրջանի լոգիստիկ լանդշաֆտը։
Զեկույցում նշվել է, որ նախագծի մեծ մասը կկառավարվի ամերիկյան սեփականության ներքո գտնվող կազմակերպությունների կողմից, կստեղծվի համատեղ ձեռնարկություն՝ վճարովի տարանցիկ գոտի զարգացնելու համար։ ԱՄՆ պաշտոնյաները նշել են, որ «միլիարդավոր դոլարների» ներդրումներ կարող են ներգրավվել կից նախագծերում։
«Fitch Solutions»-ը կարծում է, որ էներգետիկ անվտանգության, տրանսպորտային ենթակառուցվածքների եւ լոգիստիկայի ոլորտներում զուգահեռ նախաձեռնությունները կարող են ամրապնդել Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային տարանցիկ հանգույց։ Այս ֆոնին ԱՄՆ-ի հետ տնտեսական եւ ռազմավարական համագործակցությունը, կանխատեսվում է, որ ավելի կխորանա 2026թ․։ Կազմակերպության տվյալներով՝ տարածաշրջանում ներդրումային ակտիվության աճը կարող է նպաստել ինչպես տնտեսական դինամիկայի, այնպես էլ աշխարհաքաղաքական հավասարակշռության վերաձեւավորմանը։
Զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները Բաքվի եւ Երեւանի համար դառնում է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության նշանակալի այլընտրանք։



