ԱՄՆ-ը ամրապնդում է մատակարարման շղթաները՝ 12...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուրջ 12 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծ է ներկայացրել՝ կրիտիկական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ռազմավարական պահուստ ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The New York Times պարբերականը։

«Անցած տարվա ընթացքում իմ վարչակազմը աննախադեպ քայլեր է ձեռնարկել՝ երաշխավորելու համար, որ ԱՄՆ-ն տնօրինում է բոլոր անհրաժեշտ կրիտիկական հանածոները և հազվագյուտ հողային մետաղները»,- հայտարարել է Թրամփը, որի խոսքերը մեջբերում է պարբերականը։

Ըստ նրա տվյալների՝ նախագծի ֆինանսավորումը ներառում է 1,67 միլիարդ դոլար մասնավոր միջոցներ և 10 միլիարդ դոլարի վարկ՝ ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկից։ Բանկի տնօրենների խորհուրդը վարկը հաստատել է երկուշաբթի օրը։

«Պահեստարան» նախագիծը ենթադրում է հազվագյուտ հողային մետաղների գնում և պահեստավորում ամերիկյան արտադրողների համար, հստակեցնում է թերթը։

ԱՄՆ նախագահը սա ներկայացրել է որպես Վաշինգտոնի հերթական քայլը՝ ուղղված սեփական մատակարարման շղթաների զարգացմանը։ Սա տեղի է ունենում այն ֆոնին, երբ Չինաստանը սահմանափակել է սեփական մագնիսների արտահանումը, ինչը հանգեցրել է դրանց դեֆիցիտին՝ ավտոմեքենաների, ռոբոտների, կիսահաղորդիչների, անօդաչու թռչող սարքերի և այլ արտադրանքների համար։

Վարկի ապահովման կառուցվածքը դեռևս չի հայտարարվել, սակայն, ըստ Թրամփի, նա ակնկալում է, որ «ամերիկյան հարկատուները շահույթ կստանան վարկի տոկոսներից»:

The New York Times-ի աղբյուրի տվյալներով՝ նախագծին մասնակցող ընկերությունների թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են General Motors-ը, Stellantis-ը, Boeing-ը և Google-ը:

Համաձայն հրապարակման՝ նախագիծը կոչված է պաշտպանել ընկերություններին հազվագյուտ հողային մետաղների գների տատանումներից՝ թույլ տալով նրանց ստանձնել գնման պարտավորություններ և մուտք ունենալ դեպի պաշարներ՝ առանց դրանք ինքնուրույն պահեստավորելու անհրաժեշտության։