ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, ամփոփելով նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին տարին, հայտարարել է 3 միլիոն միգրանտի արտաքսման մասին, որոնցից 2,2 միլիոնը հեռացել են կամավոր՝ ինքնաարտաքսման ծրագրի շրջանակներում։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Նախագահ Թրամփի վերադարձից հետո առաջին տարվա ընթացքում գրեթե 3 միլիոն անօրինական միգրանտներ լքել են ԱՄՆ-ն՝ շնորհիվ Թրամփի վարչակազմի կողմից անօրինական ներգաղթի դեմ պայքարի։ Շուրջ 2,2 միլիոնը հեռացել են կամավոր, իսկ ավելի քան 675 000-ն արտաքսվել են», - գրել է Նոեմը։
Նա հավելել է, որ 2025 թվականի ընթացքում ԱՄՆ հարավային սահմանով ֆենտանիլի մաքսանենգությունը գրեթե կիսով չափ նվազել է՝ 2024 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, իսկ Առափնյա պահպանության ծառայությունն առգրավել է այնքան կոկաին, որը կբավականացներ «ավելի քան 177 միլիոն ամերիկացու սպանելու համար»։
2025 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մինչև իր պաշտոնը ստանձնելը մոտ 25 միլիոն մարդ անօրինական կերպով մուտք է գործել երկիր։ Իր պաշտոնավարման արարողությունից հետո Թրամփը կատարողական հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արտակարգ դրություն հայտարարելու մասին: Նա հայտարարել է, որ մտադիր է իրականացնել ամերիկյան պատմության մեջ անօրինական ներգաղթյալների ամենամեծ արտաքսման գործողությունը:



