
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցով ժամանել է Հնդկաստան, որտեղ նա կհանդիպի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և կքննարկի երկկողմ առևտուրը, մաքսատուրքերը, պաշտպանական համագործակցության զարգացումը և աշխարհաքաղաքական խնդիրներ։ Այս մասին տեղեկացնում է Հնդկաստանի NDTV հեռուստաալիքը։
Բանակցությունների գլխավոր թեմաների թվում, ինչպես սպասվում է, կլինի երկկողմ առևտրային համաձայնագիրը, որը Վաշինգտոնը և Նյու Դելին քննարկում են արդեն մի քանի շաբաթ՝ մեղմացնելու Հնդկաստանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած 26%-ի չափով մաքսատուրքերի հետևանքները: Միացյալ Նահանգները Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Երկկողմ առևտուրը 2024 թվականին հասել է 129 միլիարդ դոլարի:
Ինչպես նշում է The Economic Times պարբերականը, թեև այս այցի ընթացքում համաձայնագրերի ստորագրում չի նախատեսվում, երկու կառավարությունները հիմք են դնում խոշոր պաշտպանական և առևտրային գործընկերությունների համար: Ակնկալվում է, որ Հնդկաստանը կգնի և համատեղ կարտադրի Javelin հակատանկային հրթիռներ և Stryker մարտական մեքենաներ: