ԱՄՆ Պետքարտուղարությունը ծրագրում է ֆինանսավո...

ԱՄՆ Պետքարտուղարությունը ծրագրում է ֆինանսավորել Եվրոպայում MAGA շարժման հետ կապված վերլուծական կենտրոնները և բարեգործական կազմակերպությունները՝ Վաշինգտոնի դիրքորոշումն առաջ մղելու համար, հայտնում է Financial Times թերթը։

Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչ Սառա Ռոջերսը դեկտեմբերին մեկնել է Եվրոպա՝ այդ կազմակերպությունների մի քանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար։ Պարբերականն այդ հաստատությունները դասում է աջ կենտրոնամետների շարքին և ընդգծում, որ նրանց հայացքները համընկնում են ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման հետ և կիսում են եվրոպական քաղաքակրթության կործանման վերաբերյալ վերջինիս մտահոգությունները։

«Սա, հավանաբար, շփոթմունք կառաջացնի Վաշինգտոնի դաշնակիցների շրջանում, հատկապես ձախ կենտրոնամետ կառավարությունների մոտ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի լեյբորիստները, որոնք անհանգստացած կլինեն, որ ԱՄՆ կառավարության միջոցներն օգտագործվում են իրենց քաղաքականությունը թուլացնելու համար», - գրում է թերթը։

Ըստ պարբերականի վկայակոչած պաշտոնյայի՝ այս ծրագիրը կշարունակի Պետքարտուղարության՝ սեփական օրակարգն առաջ մղելու նպատակով արտասահմանյան նախագծերի թիրախային ֆինանսավորման պրակտիկան և կենտրոնացած կլինի Լոնդոնում, Փարիզում, Բերլինում և Բրյուսելում իրականացվող նախաձեռնությունների վրա։