ԱՄՆ Պետդեպարտամենտը ամփոփել է Ռուբիոյի Հայաստ...

ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ Միացյալ Նահանգներն ու Հայաստանը նախնական ստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) շրջանակային համաձայնագիրը։ Բացի այդ, կողմերը ստորագրում են ռազմավարական գործընկերության խարտիա, ինչպես նաև կրիտիկական հանածոների ոլորտում փոխըմբռնման հուշագիր։

«ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել են Երևանում և հայտարարել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը նպաստող զարգացումների մասին»։

Նախևառաջ, կողմերը հայտարարել են TRIPP ծրագրի շրջանակային երկկողմ համաձայնագրի նախնական ստորագրման մասին։ Սա առանցքային քայլ է դեպի այն պայծառ ապագան, որի հիմքը դրվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ստանձնած պատմական պարտավորություններով։ Այսպիսով, Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ևս մեկ քայլով մոտեցան տարածաշրջանում անխոչընդոտ, բազմատրանսպորտային տարանցիկ կապի ստեղծմանը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ։

Փաստաթղթում ներկայացված են նաև «TRIPP Development Company» (TDC) համատեղ ձեռնարկության գործունեության հիմնական ուղղությունները։ Այս ընկերությունը հիմնադրվել է Միացյալ Նահանգների և Հայաստանի կողմից՝ նպատակ ունենալով խթանել առևտուրը, տրանսպորտն ու տնտեսական առաջընթացը, ինչպես նաև արդիականացնել միջազգային, միջպետական և ներքին տրանսպորտային կապերը։ Բացի այդ, Վաշինգտոնն ու Երևանը սերտորեն գործակցում են TRIPP ծրագրի ինժեներա-գեոդեզիական հետազոտությունների շրջանակում։ Միացյալ Նահանգները վերահաստատում է իր համաշխարհային առևտրի ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման հաստատմանը նպաստելու հարցում իր հանձնառությունը։

Բացի այդ, Պետքարտուղարն ու Արտաքին գործերի նախարարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության խարտիան, ինչպես նաև կրիտիկական նշանակության օգտակար հանածոների և հազվագյուտ մետաղների արդյունահանման ու վերամշակման ոլորտում մատակարարումների ապահովման վերաբերյալ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև շրջանակային համաձայնագիր։ Այս քայլերով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ցույց են տալիս երկկողմ հարաբերություններն ընդլայնելու իրենց համատեղ հանձնառությունը և շարունակում են կյանքի կոչել այն խոստումները, որոնք ամրագրվել էին օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի ստորագրած փոխըմբռնման հուշագրերում»,- ասված է Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ։