Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն ընդունել է ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության (USTDA) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Կառլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հայտնում է APA-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը՝ էներգետիկայի, առևտրի, տարածաշրջանային կապերի, ներառյալ TRIPP երթուղու, ինչպես նաև տնտեսական ներդրումների ոլորտներում: Բացի այդ, խոսվել է ԱՄՆ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին Ադրբեջանի համապատասխան ենթակառուցվածքների ու լոգիստիկ հնարավորությունների հետ ծանոթացնելու և համագործակցության զարգացման հեռանկարների մասին:
«Բարձր են գնահատվել անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովից հետո՝ Ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման շրջանակներում, առանձին ուղղություններով անցկացված երկկողմ շփումների և քննարկումների արդյունքները։ Բացի այդ, հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի կարևոր դերի, վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման նշանակության, «Միջին միջանցքում» առևտրային երթուղիների դիվերսիֆիկացման, ինչպես նաև Ադրբեջանում բիզնեսի և ներդրումների զարգացման համար առկա բարենպաստ պայմանների ու նոր կապերի հաստատման հնարավորությունների շուրջ»,- հայտնում է պարբերականը։



