ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ևս 1...

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը ևս շուրջ 1000 աշխատակցի կուղարկի Մինեապոլիս Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE – US Immigration and Customs Enforcement) գործողությունների դեմ բողոքի ցույցերի ֆոնին: Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Ներքին անվտանգության նախարարության ղեկավարի տեղակալ Թրիշիա Մաքլաֆլինը, որին վկայակոչում է հրատարակությունը, հայտարարել է, որ ICE-ի գործակալները կմիանան Մինեապոլիսում արդեն իսկ տեղակայված նախարարության 2000 աշխատակիցներին։

Մաքլաֆլինը հունվարի 7-ին հայտնել էր, որ Մինեապոլիսում ICE-ի գործողության ժամանակ սկսվել են անկարգություններ, որոնց մասնակիցներից մեկը փորձել է ավտոմեքենայով վրաերթի ենթարկել գերատեսչության աշխատակիցներին։ Նրա խոսքով՝ ծառայության սպան, վախենալով իր գործընկերների կյանքի համար, կրակ է բացել՝ մահացու վիրավորելով հարձակվողին։ Սպանվածը 37-ամյա Ռենե Նիկոլ Գուդն էր՝ երեք երեխաների մայր։

Ողբերգական միջադեպից հետո Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը պահանջել էր, որ ICE-ը հեռանա քաղաքից: Իր հերթին, Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը հունվարի 8-ին կարգադրել է ազգային գվարդիան բերել բարձր պատրաստության վիճակի:

Մինեապոլիսում հունվարի 8-ին շարունակվել են զանգվածային բողոքները: Հարյուրավոր ցուցարարներ իրենց դժգոհությունն են հայտնել դաշնային իշխանությունների գործողություններից։ ICE-ի գործակալներն իրենց հերթին ուժ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: