ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մերժել է դեմոկրատների ներկայացրած բանաձևը, որն ուղղված էր կանխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վենեսուելայում ռազմական ուժի կիրառումն առանց Կոնգրեսի հաստատման: Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Օրենսդիրները հավասար թվով ձայներ են տվել բանաձևին՝ «կողմ» և «դեմ» քվեարկելով 215-ական ձայնով։ Ընդ որում, երկու հանրապետական միացել է 213 դեմոկրատի՝ բանաձևին աջակցելու համար։ Սակայն հավասար արդյունքը նշանակում է, որ այն չի անցնի։
Բանաձևով նախագահին հրահանգվում էր «դուրս բերել Միացյալ Նահանգների ուժերը Վենեսուելայից, եթե դա հստակ չի արտոնվել պատերազմի հայտարարմամբ կամ ռազմական ուժի կիրառման համար կոնկրետ օրենսդրական թույլտվությամբ»։
Հունվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վճռորոշ ձայն տվեց՝ օգնելով Սենատի հանրապետականներին արգելափակել այն բանաձևը, որով արգելվում էր զինված ուժերի օգտագործումը Վենեսուելայի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար՝ առանց Կոնգրեսի հաստատման։



