ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է արտաք...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հանրային հեռարձակողների և արտաքին օգնության համար նախատեսված 9 միլիարդ դոլարի ֆինանսավորումը կրճատելու մասին օրինագիծը, որը Սենատը հաստատել էր հուլիսի 17-ին։ Այս մասին Truth Social հարթակում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ներկայացուցիչների պալատը հաստատեց 9 միլիարդ դոլարի կրճատումների փաթեթը, որի մեջ է մտնում սարսափելի Ազգային հանրային ռադիոն (NPR) և Հանրային հեռարձակող ծառայությունը (PBS), որոնք տարեկան միլիարդավոր դոլարներ էին վատնում։ Հանրապետականները 40 տարի փորձել են դա անել և ձախողվել են… բայց այլևս ոչ։ Սա մեծ բան է», - նշել է Թրամփը գրառման մեջ։ 

Ըստ ABC News-ի՝ Ներկայացուցիչների պալատում 216 կոնգրեսական քվեարկել է օրինագծի օգտին, 213-ը՝ դեմ: Այժմ Թրամփին անհրաժեշտ է միայն ստորագրել օրենքը, որպեսզի այն ուժի մեջ մտնի:

Օրինագծի համաձայն՝ դաշնային բյուջե կվերադարձվի 7,9 միլիարդ դոլար, որը հատկացվում էր Պետքարտուղարությանը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության համար, ինչպես նաև 1,1 միլիարդ դոլար, որը հատկացվում էր ԱՄՆ Հանրային հեռարձակման կորպորացիային: Այդ գումարը գրեթե ամբողջությամբ համապատասխանում է կորպորացիայի երկամյա բյուջեին, որի միջոցով NPR-ը և PBS-ը ստանում են պետական ֆինանսավորում: NPR-ի մեջ մտնում է 797 ռադիոկայան Միացյալ Նահանգներում, PBS-ի մեջ՝ 354 ոչ առևտրային հեռուստակայան 50 նահանգներում։