ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հարկե...

Հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է հարկերի և ծախսերի մասին օրինագիծը, որը ներկայացրել էր նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Օրինագծի միջոցով կիրագործվեն Թրամփի նախընտրական ​​խոստումներից շատերը՝ տրամադրելով նոր հարկային արտոնություններ թեյավճարների և ավտոմեքենաների վարկերի համար և ավելացնելով ռազմական և սահմանային պաշտպանության հետ կապված ծախսերը: Այս օրինագիծն, ըստ Կոնգրեսի բյուջետային վարչության, առաջիկա տասնամյակում մոտ 3,8 տրիլիոն դոլարով կավելացնի դաշնային կառավարության 36,2 տրիլիոն դոլարի պարտքը:

Օրինագիծն անցել է ձայների 215-214 հարաբերակցությամբ։ Reuters-ը նշում է, որ բոլոր դեմոկրատները և երկու հանրապետական դեմ են քվեարկել, մեկ այլ հանրապետական քվեարկել է «ներկա»՝ ո՛չ կողմ, ո՛չ դեմ, իսկ ևս մեկ հանրապետական չի քվեարկել, քանի որ քնած էր։

Այժմ օրինագծի շուրջ պետք է քվեարկություն կայանա Սենատում, որտեղ նույնպես մեծամասնություն են կազմում հանրապետականները։

1100-էջանոց օրինագծով կընդլայնվեն կորպորատիվ և անհատական ​​հարկերի կրճատումները, որոնք ընդունվել էին 2017 թվականին Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ, չեղյալ կհայտարարվեն նախկին դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի կողմից ընդունված կանաչ էներգիայի բազմաթիվ խթանները և խստացվեն առողջության և սննդի ծրագրերից օգտվելու համար կարիքավորների ընտրվելու չափանիշները: Օրինագիծը նաև կֆինանսավորի ներգաղթի դեմ Թրամփի պայքարը՝ ավելացնելով տասնյակ հազարավոր սահմանապահների, և հնարավորություն կստեղծի արտաքսելու տարեկան մինչև 1 միլիոն մարդու: 

Օրինագիծն ընդունվել է՝ չնայած ԱՄՆ պարտքի հետ կապված աճող մտահոգություններին, որը հասել է ՀՆԱ-ի 124%-ին։