ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն ընդունել է երկրի 2026 թվականի պաշտպանության բյուջեի օրինագիծը: Փաստաթուղթը շուտով կուղարկվի Սենատի քվեարկությանը: Այն սպասվում է հաջորդ շաբաթ։
Ըստ Օրինագծի՝ 2026 թ. պաշտպանության բյուջեն կկազմի 901 միլիարդ դոլար: Փաստաթուղթը նախատեսում է 400 միլիոն դոլարի չափով ռազմական օգնություն Կիևին։ Բացի դրանից՝ նախատեսված է զինծառայողների աշխատավարձի բարձրացում, Չինաստանում ԱՄՆ-ի ներդրումների սահմանափակում, ինչպես նաև Սիրիայի դեմ պատժամիջոցների ամբողջությամբ չեղարկում։
Ներկայացուցիչների պալատի հաստատած փաստաթուղթը նախատեսում է Եվրոպայում պահել առնվազն 76 հազար ամերիկացի զինծառայող՝ հիմնական մարտական տեխնիկայի հետ միասին։
Բացի այդ, դրույթ է նախատեսված նաև Հարավային Կորեայում ամերիկյան զորքեր պահելու մասին։
Օրինագիծը ներառում է Իսրայելին տրամադրվող լայնածավալ աջակցություն, այդ թվում՝ «Երկաթե գումբ» և «Դավթի պարսատիկ» համատեղ հրթիռակազմային պաշտպանության ծրագրերի ամբողջական ֆինանսավորումը։



