ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրամանագիր՝ մեկնարկելով «Genesis» առաքելությունը, որի նպատակն է արհեստական բանականությունն (ԱԲ) օգտագործել գիտական հետազոտությունների անցկացման եղանակը վերափոխելու և գիտական հայտնագործությունների արագությունը խթանելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։
Թրամփի հրամանագիրն ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթին հանձնարարում է միավորել երկրի ազգային լաբորատորիաների գիտնականներին և տեխնոլոգիաները «հետազոտությունների համար մեկ համագործակցային համակարգում»։
Նախաձեռնության շրջանակում ԱՄՆ գերհամակարգիչները և տվյալների ռեսուրսները կմիավորվեն՝ ստեղծելով «փակ ցիկլով արհեստական բանականության փորձարկման հարթակ»։
Հրամանագրի համաձայն՝ էներգետիկայի նախարարը, գիտության և տեխնոլոգիաների գծով նախագահի օգնականը և արհեստական բանականության և կրիպտոարժույթի գծով հատուկ խորհրդականը կհամագործակցեն ակադեմիական աշխարհի և մասնավոր հատվածի նորարարների հետ՝ նախաձեռնությանն աջակցելու և բարելավելու համար։
«Ուշադրության կենտրոնում են մեր ժամանակների ամենամեծ գիտական մարտահրավերները, որոնք կարող են զգալիորեն բարելավել մեր երկրի ազգային, տնտեսական և առողջապահական անվտանգությունը, ներառյալ կենսատեխնոլոգիան, կարևորագույն նյութերը, միջուկային ճեղքումը և ջերմամիջուկային սինթեզի էներգիան, տիեզերքի հետազոտությունը, քվանտային տեղեկատվական գիտությունը, ինչպես նաև կիսահաղորդիչներն ու միկրոէլեկտրոնիկան», - նշվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
ԱՄՆ նախագահի գիտական գծով խորհրդական Մայքլ Կրաստիոսը լրագրողներին հայտնել է, որ «Genesis» առաքելությունն «Ապոլոն ծրագրից ի վեր դաշնային գիտական ռեսուրսների ամենամեծ հավաքագրումն է»։
Չիպեր արտադրող Nvidia-ն և արհեստական բանականության ստարտափ Anthropic-ը հայտարարել են, որ նախաձեռնության շրջանակում համագործակցում են Թրամփի վարչակազմի հետ։
Նախորդ շաբաթ Թրամփը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել օրենսդրություն՝ ԱԲ-ի համար ազգային ստանդարտ ստեղծելու նպատակով։



