ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները փորձել են համոզել նրան մեղմացնել Իլոն Մասկի հասցեին ուղղված քննադատությունը և պլանավորում են 24 ժամվա ընթացքում հեռախոսազրույց ունենալ ամերիկացի ձեռնարկատիրոջ հետ: Այս մասին հայտնել է Politico թերթը:
Ըստ իր աղբյուրների՝ Թրամփի Սպիտակ տան օգնականները «փորձելով համոզել նախագահին մեղմացնել Մասկի հասցեին ուղղված հրապարակային քննադատությունը՝ սրացումից խուսափելու համար, ուրբաթ օրը հեռախոսազրույց են նշանակել միլիարդատիրոջ և Tesla-ի գործադիր տնօրենի հետ՝ խաղաղության շուրջ բանակցելու համար»: Չի նշվում, թե կոնկրետ ով կմասնակցի զրույցին:
Հրապարակումը նաև մեջբերում է Թրամփի մեկնաբանությունը՝ Մասկի՝ իր հասցեին ուղղված քննադատական հայտարարությունների վերաբերյալ. «Ամեն ինչ լավ է», - վստահեցրել է ԱՄՆ նախագահը: «Ամեն ինչ շատ լավ է ընթանում, ավելի լավ չէր կարող լինել», - հավելել է նա:
Հինգշաբթի օրը Մասկը և Թրամփը մի շարք կոշտ մեկնաբանություններ են փոխանակել: Գործարարը նշել է, որ առանց իր աջակցության Թրամփը չէր հաղթի 2024 թվականի նոյեմբերին ԱՄՆ ընտրություններում, աջակցել է Թրամփի իմպիչմենտի գաղափարին, քննադատել է նախագահի կողմից սահմանված ներմուծման մաքսատուրքերը և կանխատեսել է ԱՄՆ տնտեսության անկում 2025 թվականի երկրորդ կեսին։ Թրամփն, իր հերթին, ասել է, որ Մասկը դադարել է արդյունավետորեն կատարել իր պարտականությունները, երբ վերահսկել է Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը և խելագարվել է։ Պետության ղեկավարը սպառնացել է խզել Մասկի ընկերությունների հետ կնքված պետական պայմանագրերը և չեղարկել բոլոր սուբսիդիաները։



